AM
20 Ապրիլ 2026 - 12:43 AMT

ՄԻՊ․ Պետական մարմինների նկատմամբ դիմում-բողոքների թիվը շեշտակի աճել է

Պետական մարմինների նկատմամբ դիմում-բողոքների թիվը շեշտակի աճել է, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ ներկայացնելով տարեկան զեկույցը։

Նա նշել է, որ հատկապես աճ է գրանցվել ԿԳՄՍՆ-ի և Երևանի քաղաքապետարանի նկատմամբ ներկայացված դիմումների մասով, հայտնում է Panorama.am-ը:

Նրա տվյալներով՝ ԿԳՄՍ ոլորտում 2024 թվականին ստացվել է 189 դիմում-բողոք, մինչդեռ 2025 թվականին այդ թիվը հասել է 910-ի։

«Երևանի քաղաքապետարանի մասով 2024թ. եղել է 357 դիմում-բողոք, իսկ 2025 թվականին 919 դիմում-բողոք»,- նշել է Մանասյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ 2025 թվականին ՄԻՊ գրասենյակը ստացել է 22,655 դիմում-բողոք, ինչը մոտ 2900-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

ՄԻՊ-ը ընդգծել է, որ շարունակվել են ստացվել բազմաթիվ բողոքներ նաև դատական իշխանության մարմինների գործունեության վերաբերյալ՝ չնայած նրան, որ այդ ոլորտը դուրս է ՄԻՊ լիազորությունների շրջանակից։

«Չնայած իմ ու աշխատակազմի կողմից անընդհատ իրազեկումներին որ արդարադատությունը ՄԻՊ լիազորություններից դուրս է, մենք նաև շատ մեծ բողոքներ ենք ստանում դատական իշխանությունների մարմինների գործունեության հետ կապված. 2024 թ 244 դիմում-բողոքի համեմատ 2025 թ.-ին 382 դիմոմ-բողոք ենք ունեցել»,- ասել է նա։

Մանասյանը հավելել է, որ դատական պրակտիկայում նկատվում են խնդիրներ մարդու իրավունքների տեսանկյունից՝ հատկապես կալանքի կիրառման և հոգեկան առողջության ոլորտում, մասնավորապես՝ ոչ հոժարակամ հոսպիտալացումների մասով։

Անդրադառնալով խոսքի ազատության սահմաններին վերաբերող գործերին՝ ՄԻՊ-ը նշել է.

«Խոսքի ազատության սահմանների խախտման դեպքում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման առումով մի քանի մտահոգություններ որպես ՄԻՊ անձամբ ունեմ, որովհետև մի շարք են դեպքերը, երբ խոսքի ազատության սահմաններն իրավաչափ խախտվել են, բայց բազմաթիվ հարցեր է առաջացնում այն հանգամանքը, թե արդյոք այդ խախտման համար կարո՞ղ է կիրառվել քրեական պատասխանատվություն, թե ոչ, որովհետև բոլորիս է հատնի, որ քերական պատասխանատվությունը խոսքի ազատության համար բացառապես ամենամեծ հանրային վտանգավորության դեպքում կարող է կիրառվել, հետևաբար մի շարք դեպքերում նաև հայեցողական արդարադատության տպավորություն է ստեղծվում։ Այդ խնդրին պետա է մեծ ուշադրություն դարձնել»,-ասել է նա: