AM
21 Ապրիլ 2026 - 09:54 AMT

Զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները կընդլայնվեն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ընդլայնել և հստակեցնել հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված կամ առողջությանը վնաս ստացած զինծառայողների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական երաշխիքները։

Նախագծով նախատեսվում է, որ փոխհատուցման մեխանիզմը կկիրառվի նաև 1998-2016 թվականներին տեղի ունեցած դեպքերի նկատմամբ՝ ապահովելով վնասի հատուցման գործընթացի առավել արդյունավետ կազմակերպում, հայտնում է Factor.am-ը:

Ըստ այդմ, առաջարկվում է փոփոխություններ կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում և փոխհատուցում տրամադրել ոչ միայն 2017 թ․ հունվարի 1-ից հետո, այլև 1998–2016 թթ․ տեղի ունեցած այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով։

2008–2016 թթ․ դեպքերի շահառուներն արդեն որոշված են Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից կայացված որոշումների շրջանակում. նրանց գումարը կփոխանցվի հիմնադրամի կողմից։ 1998-2007 թթ․ դեպքերի համար շահառուները կճշտվեն առկա փաստաթղթերի հիման վրա։

Կստեղծվի նաև միջգերատեսչական հանձնաժողով, որի եզրակացությամբ կամ դատական կարգով փաստաթղթերի բացակայության դեպքում կհավաստվի զինծառայողի կյանքին կամ առողջությանը մարտական գործողությունների հետևանքով վնաս պատճառված լինելը։ 1

1998-2016 թթ․ հատուցման դեպքերի համար միանվագ գումարները չեն վճարվի, իսկ ամսական գումարները կվճարվեն 20 տարի՝ 2017 թվականից հետո տեղի ունեցած դեպքերի չափով: