Թիվ 8 երթուղու ավտոբուսի դանակահարված վարորդն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, հայտնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում:
Ապրիլի 20-ի ուշ երեկոյան, դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Վարորդը տեղափոխվել էր հիվանդանոց։
«Վարորդի հետ արդեն ամեն ինչ նորմալ է, նա արդեն տանն է։ Այսինքն՝ տևական բժշկական հսկողության տակ լինելու անհրաժեշտություն չի եղել, ինչն իրականում չի չեղարկում այն փաստը, որ սա շատ զարհուրելի ու անընդունելի դեպք է եղել»,– ասել է Գրիգորյանը, հայտնում է Sputnik Արմենիան:
Փոխքաղաքապետն անդրադարձել է նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմանը՝ վարորդներին ներգրավել ուղեվճարների հավաքագրման գործընթացում։ Նա չի կիսել այն տեսակետը, թե այդ որոշումից հետո վարորդների և ուղևորների միջև վեճերը ավելացել են։
«Այսօր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ից ուղարկեցին դեպքերի վիճակագրություն։ Դեռ 2025 թվականը չեմ ուզել, բայց հունվարից մինչ օրս ամիս չի եղել, որ ծեծկռտուքի միջադեպ, մասնավորապես վարորդին ծեծի ենթարկելու դեպք չունենանք։ Բա այդ ժամանակ ինչի՞ց էր, այդ ժամանակ դեռ քաղաքապետը չէր հայտարարել ուղեվարձի հավաքագրմանը վարորդների մասնակցության մասին։ Թերհավաքագրումներն աննորմալ թվերի էին հասնում»,– նշել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ իրականացված փոփոխություններից հետո ուղևորների կողմից ուղեվարձի վճարման մակարդակը բարձրացել է։
Ապրիլի 6-ին Տիգրան Ավինյանը կոչ է արել ավտոբուսների վարորդներին ներգրավվել ուղեվճարների հավաքագրման գործընթացում՝ ընդգծելով, որ այդ գործընթացում նրանց չմասնակցելը անընդունելի է, և նշել, որ հավաքագրման արդյունավետությունից կախված են նաև արտաժամյա վճարումները։





