Օլիմպիական բրոնզե մեդալակիր և աշխարհի կրկնակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դարձել է Եվրոպայի հնգակի չեմպիոն՝ հաղթանակ տանելով Տիրանայում անցկացվող առաջնությունում։
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում նա առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Ռամազ Զոիձեի նկատմամբ, հայտնում է Radar Armenia-ն:
Հայ մարզիկը մրցաշարում իր ելույթները սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 4։0 հաշվով առավելության է հասել Շվեդիան ներկայացնող Կառլ Բաֆի նկատմամբ։ Քառորդ եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ուկրաինայի ներկայացուցիչ Իրֆան Միրզոևի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում հաղթել է Մոլդովան ներկայացնող Ալեքսանդրին Գուտուին։
Հայաստանի հավաքականի կազմում ևս մեկ մեդալ է ապահովել 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը՝ նվաճելով բրոնզ։ Վճռորոշ գոտեմարտում նա ժամանակից շուտ՝ 11:0 հաշվով հաղթանակ է տարել Լեհաստանի ներկայացուցիչ Մաիրբեկ Սալիմովի նկատմամբ։
Բրոնզե մեդալին մոտ է եղել նաև 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, սակայն մեդալի համար պայքարում 1:3 հաշվով պարտվել է Բուլղարիայի ներկայացուցչին։
Ավելի վաղ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում իր նորամուտը կատարող 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը հասել է եզրափակիչ։ Մ23 տարեկանների ոսկե մեդալակիրը կիսաեզրափակչում ժամանակից շուտ համոզիչ հաղթանակ է տարել Եվրոպայի եռակի չեմպիոն Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհաթ Մամադլիի նկատմամբ և դուրս եկել եզրափակիչ։ Ոսկե մեդալի համար նա կմրցի սերբ Գեորգի Տիբիլովի հետ։





