AM
22 Ապրիլ 2026 - 10:56 AMT

Lufthansa-ն 20,000 չվերթ կչեղարկի վառելիք խնայելու համար

Գերմանիայի խոշորագույն ավիաընկերություններից Lufthansa-ն հայտարարել է, որ պատրաստվում է զգալիորեն կրճատել չվերթների թիվը՝ նպատակ ունենալով խնայել ավիավառելիք։

Ընկերությունը հայտնել է, որ 2026 թվականի հունիսից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում կչեղարկի մոտ 20 հազար չվերթ՝ էներգակիրների ճգնաժամի ֆոնին, գրում է Deutsche Welle-ն:

«Ֆլագման ավիափոխադրողը կհրաժարվի 20 հազար չվերթից՝ 2026 թվականին հունիսից հոկտեմբեր հատվածում, որպեսզի խնայի ավիավառելիքը էներգակիրների ճգնաժամի պայմաններում, որը պայմանավորված է ԱՄՆ-ի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմով»,– նշված է ընկերության մամուլի հաղորդագրությունում։

Lufthansa-ի ներկայացուցիչների գնահատմամբ՝ այս քայլը թույլ կտա խնայել ավելի քան 40 հազար տոննա վառելիք, մինչդեռ արդյունավետության վրա ազդեցությունը կմնա սահմանափակ՝ նվազելով մեկ տոկոսային կետից պակաս։

Նշվում է, որ այս արդյունքը հնարավոր է դառնալու կարճուղիների կրճատման հաշվին՝ մասնավորապես Ֆրանկֆուրտից և Մյունխենից ոչ շահավետ երթուղիների դադարեցմամբ և միաժամանակ Ցյուրիխից, Վիեննայից և Բրյուսելից թռիչքների ընդլայնմամբ։ Փոփոխությունները վերաբերելու են նաև ընկերության վեցերորդ հանգույցին Հռոմում։

Ընկերությունը խոստացել է մինչև ապրիլի վերջ ներկայացնել այն չվերթների ցանկը, որոնք չեն իրականացվելու հունիսից հոկտեմբեր ամիսներին։ Միաժամանակ ընկերությունն արդեն սկսել է չեղարկել նաև մինչև մայիսի 31-ը նախատեսված թռիչքները․ օրինակ՝ ապրիլի 20-ին չեղարկվել է օրական 120 չվերթ, այդ թվում՝ Ֆրանկֆուրտից Բիդգոշչ, Ժեշուվ և Ստավանգեր ուղղություններով։

Ավելի վաղ Lufthansa-ն որոշում է ընդունել նաև դադարեցնել իր դուստր CityLine ընկերության 27 Canadair CRJ ինքնաթիռների շահագործումը՝ նշելով, որ դրանք մոտեցել են տեխնիկական հնարավորությունների սահմանին։ Այս քայլը պայմանավորված է ծախսերի աճով՝ ինչպես վառելիքի, այնպես էլ աշխատաշուկայի խնդիրների պատճառով։

Նույն ժամանակահատվածում ընկերությունը հայտարարել է, որ մինչև հոկտեմբեր կհանի շահագործումից նաև չորս Airbus A340-600 և երկու Boeing 747-400 ինքնաթիռներ, իսկ ձմռանը նախատեսում է կրճատել հասանելի ուղևորակիլոմետրերի ծավալը հիմնական բրենդի համար։

Lufthansa-ն միակ ընկերությունը չէ, որը դիմում է նման միջոցների։ Օրինակ՝ SAS Scandinavian Airlines-ը նախատեսել է ապրիլին չեղարկել մոտ հազար չվերթ, իսկ Air France-KLM-ը բարձրացրել է հավելավճարները՝ որոշ դեպքերում մինչև 100 եվրո, այդ թվում արդեն վաճառված տոմսերի համար։ Վառելիքային խնդիրների պատճառով չեղարկումների մասին հայտնել է նաև մոլդովական FlyOne-ը։

Սպասվում է, որ Եվրոպական հանձնաժողովն ապրիլի 22-ին կներկայացնի ծրագիր՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով պայմանավորված էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար։