AM
22 Ապրիլ 2026 - 14:51 AMT

Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանիշներով 11 մարդ է հոսպիտալացվել

Կոտայքի մարզիԲյուրեղավանում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր, որոնք ներկայումս գտնվում են համապատասխան մասնագիտական կառույցների ուշադրության կենտրոնում։ Ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է մոտ 30։

Հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, հայտնում է առողջապահության նախարարությունը:

Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք:

Արձանագրված կլինիկական ախտանշաններն են. սրտխառնոց, փորլուծություն, փսխում և մարմնի ջերմաստիճանի բարձրացում, որոնք բնորոշ են աղիքային վարակներին։

ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի մասնագետների կողմից ներկայումս շարունակվում են համաճարակաբանական համալիր հետազոտությունները՝ վարակի հնարավոր աղբյուրների և տարածման ուղիների բացահայտման նպատակով։

Այդ շրջանակում իրականացվել է նաև խմելու ջրի նմուշառում՝ լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար։