AM
23 Ապրիլ 2026 - 08:07 AMT

ՀԿԵ. Երկաթուղու մոտ կենդանիներ չարածեցնել, չոր խոտ չայրել

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացմամբ պայմանավորված, նշել է, որ երկաթուղային գծերով երթևեկությունը զգալիորեն աճել է, ինչի ֆոնին անհրաժեշտ է խստորեն պահպանել անվտանգության կանոնները և ցուցաբերել պատասխանատու վարքագիծ երկաթուղային ենթակառուցվածքներում։

Ընկերությունը կոչ է անում չայրել չոր խոտը երկաթուղային գծերի հարևանությամբ, կենդանիներ չարածեցնել գծերի երկայնքով, խստորեն պահպանել գծանցումները հատելու կանոնները և անցնել միայն նախատեսված վայրերով։

«Անհրաժեշտ է նաև երեխաներին բացատրել երկաթուղային գծերի վրա գտնվելու և այնտեղ խաղալու վտանգները։ Այն ծնողները, որոնց երեխաները հաճախում են երկաթուղուն մոտ գտնվող ուսումնական հաստատություններ, պետք է պարբերաբար զրույցներ վարեն նրանց հետ։

Թեև Կրթության նախարարության նախաձեռնությամբ դպրոցական ծրագրում արդեն ներառված է երկաթուղային անվտանգության թեման, այնուամենայնիվ ծնողների պարտականությունն է շարունակաբար ամրապնդել երեխաների գիտելիքներն ու պատասխանատվության զգացումը։

Առավել զգոն պետք է լինեն նաև երթևեկության մասնակիցները, քանի որ ավտոտրանսպորտային միջոցների թվի աճին զուգահեռ երթևեկությունը տարեցտարի ավելի է ինտենսիվանում։ Վարորդները պարտավոր են խստորեն պահպանել երկաթուղային գծանցումների անցման կանոնները, հետևել ճանապարհային նշաններին և լուսացույցերի ազդանշաններին, չշրջանցել փակված արգելապատնեշները և չհատել գծերը չթույլատրված վայրերում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ որոշ հատվածներում ուղևորատար գնացքների արագությունը հասնում է մինչև 100 կմ/ժ-ի, ինչը զգալիորեն մեծացնում է արգելակման ճանապարհը։ Այս հանգամանքը սահմանափակում է մեքենավարի՝ բախումը կանխելու հնարավորությունը և առավել մեծ պատասխանատվություն է դնում վարորդների վրա՝ գծանցումներում վթարներից խուսափելու համար։

«Ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում նմանատիպ պատահարներ չեն գրանցվել։ Կարևոր է պահպանել այս դրական միտումը՝ ապահովելով մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգությունը»,- ասված է հաղորդագրությունում։