Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Աննա Հակոբյանի հետ վերամիավորման թեմային, ասել է, որ ջանքեր է գործադրել, որ ընտանիքը վերամիավորվի, հայտնում է Radar Armenia-ն:
«Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ հարգանքով եմ վերաբերում նրա որոշմանը, բայց չհայտարարեցի, թե հաշտ եմ այդ որոշման հետ։ Ես բնականաբար նաև ջանքեր եմ գործադրել, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասել է նա։
Նա նշել է, որ իրական կյանքը հաճախ ավելի բարդ է, քան կարող է թվալ, հայտնում է Panorama.am-ը:
«Իրական կյանքը շատ ավելի բարդ է քան թատրոնը։ Եթե մինչև հիմա չեք համոզվել դրանում, ձեր հետագա կյանքում դրանում կհամոզվեք»,- ասել է նա:
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փետրվարի 27-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնության ավարտի մասին՝ նշելով, որ հեռանում է կառավարական առանձնատնից և վարձով է ապրելու: Նա նշել է, որ մեքենա ու տուն չունի, իսկ որպես նվիրատվություն ստացած զարդերն ու իրերը, ինչպես նաև թանկարժեք հագուստը, թողնում է պետությանը:
Հակոբյանը նաև հայտնել էր, որ կշարունակի աշխատել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, որովհետև դա վարձու աշխատանք է, ինչը «նրան շատ պետք է«: Նա նաև չէր բացառել, որ իր դեմ կարող է քրգործ հարուցվել որպես «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն։





