ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին մայր տաճարի ավերման մասին հարցին, ասել է, որ «կնայեն, կվերլուծեն»:
«Մեր նախորդ փորձը հաշվի առնելով՝ չեմ կարծում, թե դա պետական մակարդակով կդարձնենք միջազգային քննարկումների առարկա։ Սա մի իրավիճակ է, որը մենք պետք է ամբողջությամբ և ամբողջական հասկանանք»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:
Փաշինյանը հավելել է, թե այսպիսի թեմաների նկատմամբ պետք է լինել շրջահայաց։
«Առավել ևս՝ հիմա։ Որովհետև նման թեմաները երկսայրի սուր են»,-ասել է նա։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն ավերել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը: Մինչ այդ ոչնչացվել էր Ստեփանակերտի Սբ Հակոբ եկեղեցին:
«Արցախ» միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ իշխանությունից պահանջելով «վերանայել Բաքվին խրախուսող անգործությունը»: Հայտարարությունում անդրադարձ է կատարվել Ստեփանակերտում հայկական եկեղեցիների ոչնչացման դեպքերին՝ որակելով որպես մշակութային ցեղասպանության դրսևորում:





