Բյուրեղավանի պոլիկլինիկան, որտեղ տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել աղիքային վարակի ախտանիշներով, հայտարարել է, որ Բյուրեղավան համայնքի ջրի նմուշառումների լաբորատոր հետազոտությունների արդյունքները գնահատվել են դրական և համապատասխանում են սահմանված նորմերին։
Միևնույն ժամանակ, պոլիկլինիկայի բժիշկները խորհուրդ են տալիս օգտագործելուց առաջ եռացնել ջուրը կանխարգելիչ նպատակներով:
«Միաժամանակ, մեր բժիշկների կողմից առաջարկվում է՝ կանխարգելիչ նպատակներով, առաջիկա որոշ ժամանակահատվածում խմելու ջուրը օգտագործելուց առաջ՝ եռացնել։
Խնդրում ենք պահպանել նշված խորհուրդը՝ ձեր և ձեր ընտանիքների առողջության ապահովման համար»,- ասված է հայտարարության մեջ:
Բյուրեղավան քաղաքում գրանցված համաճարակի հետևանքով մոտ 30 բնակիչ ներկայումս գտնվում է ստացիոնար բուժման մեջ, տեղեկացրել են համայնքապետարանից։
Նրանց մեծ մասը բուժումն անցնում է Աբովյանի Ռ. Հարությունյանի անվան բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում, հայտնում է Radar Armenia-ն:
https://radar.am/hy/news/social-2753927157/
Համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանը և քաղաքային պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանն այցելել են բուժհաստատություն՝ տեղում ծանոթանալու պացիենտների առողջական վիճակին։ Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Մանուկյանի ուղեկցությամբ նրանք շրջել են հիվանդասենյակներով, զրուցել են բուժվողների հետ և հետաքրքրվել նրանց ինքնազգացողությամբ։
Բուժող բժիշկ-վարակաբան Հրաչուհի Աֆյանը ներկայացրել է հիվանդների ընդհանուր վիճակը՝ նշելով, որ տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, և այս պահին նրանց վիճակը գնահատվում է վերահսկելի։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով հոսպիտալացվել է 11 քաղաքացի, որոնց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել է, որ Բյուրեղավանում, որտեղ մարդիկ են հոսպիտալացվել աղիքային վարակի աշխտանիշներով, խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել:





