AM
24 Ապրիլ 2026 - 13:12 AMT

Քալաշյան․ Ցեղասպանության հուշահամալիրի ներսի քարերի աղակալումն արդեն բոլորին զայրացնում էր

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի համահեղինակ, հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավար Սաշուր Քալաշյանը ներկայացրել է իրականացված աշխատանքների անհրաժեշտության պատճառները։

Ըստ նրա՝ հուշահամալիրի ներսի քարերի աղակալումն արդեն «բոլորին զայրացնում էր», ուստի որոշում կայացվեց հարցը քննարկել պատկան մարմինների հետ, հայտնում է 1lurer.am-ը:

Հարց է բարձրացվել, որ մույթերի կետային նորոգմամբ առկա խնդիրը հնարավոր չէ լուծել, պետք է հիմնանորոգում անել:

«Բազմաթիվ տարբերակներ քննարկեցինք, առաջարկություններ քննարկեցինք, և վերջնական առաջարկությունը եղավ այն, որ մասնակի միջամտությունը ոչ մի ուժ չունի: Որպեսզի հարցը լուծվի, պետք է հիմնանորոգում անել, պետք էր նորից ջրամեկուսացնել հուշարձանի մույթերի մեջքի հատվածները»,- ասել է նա։

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման մեկնարկին մեծ աղմուկ էր բարձրացրել ոչ պատշաճ կազմակերպման և ընթացքի հետ կապված։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Ծիծեռնակաբերդում՝ խոսելով վերականգման անվան տակ հուշահամալիրին հասցված վնասի չափերի ու հետևանքների մասին։Տեսանյութ է ներկայացրել նաև «Արթուր Թարխանյանի» անվան կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։

«Նայեք՝ քարերը ոնց են պոկել։ Չեն կարողացել պոկել, ջարդելով հանել են։ Չէի հավատում աչքերիս»,-նշել էր նա։