AM
25 Ապրիլ 2026 - 07:02 AMT

Մայր Աթոռը հրատարակել է Վատիկանի գաղտնի արխիվի փաստաթղթերի հիմքով Հայոց ցեղասպանության մասին գիրքը

Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի «Հայոց ցեղասպանությունը» աշխատությունը, որը հիմնված է Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի հիման վրա:

Հեզեմանը, ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ, անառարկելիորեն վերահաստատել է Հայոց ցեղասպանության իրողությունն ու ծրագրված իրագործումը, հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Ես 2008 թ․-ին թույլտվություն ստացա ուսումնասիրել Վատիկանի արխիվները։ Բոլորովին ուրիշ թեմա էի հետազոտում, երբ պատահաբար հայտնաբերեցի Հայոց ցեղասպանության մասին նյութերի մի գաղտնի թղթապանակ, որը հայերի հալածանքի մասին էր։ Խորապես տպավորված էի իմ բացահայտած տեղեկություններով։ Պարզվում է Պապը 2 անգամ անձամբ գրել է սուլթանին դադարեցնելու կոտորածները»,-ասել է հեղինակը, գրում է Sputnik Արմենիան:

Հեզեմանը կապվել է Գերմանիայում ապրող հայ գործընկերոջ՝ Ազատ Օրդուխանյանի հետ և հարցրել՝ արդյոք հայաստանցի պատմաբանները տեղյակ են այս փաստաթղթերի մասին։

«Նա վստահ ասաց, որ ոչ, տեղյակ չեն, անգամ դիմեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա և ճշտեց, որ նրանք էլ տեղյակ չեն։ Ես նրան հարցրի՝ արդյոք իրեն հետաքրքրո՞ւմ են այդ փաստաթղթերը, թե՞ չէ։ Նա խնդրեց անպայման շարունակել հետաքննությունը, ու ես գտա ավելի քան 3000 թերթ, դրանց միջոցով հստակ ու պարզ էր պատկերը, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ փաստաթղթերը տարբեր աղբյուրներից էին հասել Վատիկան»,–ասում է Հեզմանը։

Գերմանացի պատմաբանն ուսումնասիրել է Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ:

«Բացահայտեցինք այդ սարսափելի դեպքերի մասին վկայություններ, Սուրբ աթոռ ուղարկված զեկույցներ, որոնք ուղղակի ցնցում էին, սահմռկեցուցիչ էին։ Այդ տեղեկությունները հրապարակվեցին իմ գրքում՝ 2015 թ․-ին Գերմանիայում, և դրանց հիման վրա Գերմանիայի խորհրդարանը ճանաչեց այդ դեպքերն իբրև ցեղասպանություն։ Զեկույցները լիովին անկախ և հիմնականում չեզոք աղբյուրներից էին։ Չեզոք աղբյուրները շատ ավելի ազդեցիկ ու կարևոր են։ Մեծ նշանակություն ունեին Հայ կաթոլիկ եկեղեցուց եկող տեղեկույթները, չէ՞ որ հայ կաթոլիկներ կային այդ բոլոր տուժած տարածքներում»,–ասում է պատմաբանը։

Գաղտնի արխիվից հայտնաբերված վավերագրերը նորովի են բացահայտել բազմաթիվ դրվագներ։ Օրինակ՝ տեղեկություններ են եղել, որ որոշ գերմանացիներ դիմել են Գերմանիայի կանցլերին և ռազմական հրամանատարությանը՝ կանխելու կոտորածները, սակայն դա չի զսպել թուրքական իշխանություններին։ Կաթոլիկ եկեղեցին ուղիղ և միջնորդավորված փորձեր է կատարել դադարեցնելու ջարդերը։

Արխիվներում պահպանվել է Վենետիկոս պապի ձեռագիր նամակի պատճենը՝ ուղղված Թուրքիայի սուլթան Մեհմեդին, սակայն նույնիսկ պապական դիվանագիտությունն է ձախողվել։ Բոլոր այս փաստաթղթերը ներկայացվել են թարգմանված բնագրային տեսքով։

Հեզեմանը մեծ պատասխանատվություն է համարել ժամանակակից Գերմանիայում Հայոց ցեղասպանության թեմայով զբաղվելը։

2016 թ․-ին գերմանացի օրենսդիրները գրեթե միաձայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և դատապարտել դրա կազմակերպիչ իշխանությանը, որը այդ տարիներին եղել է Գերմանիայի դաշնակիցը։ Իր գրքով նա ստանձնել է նպաստել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը։

Հեզեմանը գրել է, որ Հայոց ցեղասպանությանը հաջորդել են ասորիների, ապա հույն քրիստոնյաների ցեղասպանությունները։

Երիտթուրքերի ծրագրած կոտորածների հետևանքով զոհվել են նաև եզդիներն ու Դերսիմի ալևիները։ Գերմանացի պատմաբանը Հայոց ցեղասպանությունը համարել է բոլոր ցեղասպանությունների մայրը։

1915 թվականի ուրվականները կվերադառնան այնքան ժամանակ, քանի դեռ փորձեր են արվում ժխտելու դրանք, նշել է Հեզեմանը՝ բարձրացնելով նաև հայկական հայրենիքի հարցը՝ ինչ պետք է լինի Արևմտյան Հայաստանի հետ և ինչ իրավունքներ ունեն ցեղասպանությունն ու հայրենազրկումը վերապրած հայերը։

Բացի այդ, գերմանացի պատմաբանն իր գրքում անդրադարձել է հայ ժողովրդի անցած ճանապարհին և Հայաստանում քրիստոնեության զարգացման ընթացքին։