AM
27 Ապրիլ 2026 - 06:19 AMT

Կոստանյան․ «Ձորակ» կենտրոնում գրանցված 2 մահը պայմանավորված է շահառուների առողջական խնդիրներով

«Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում ապրիլի 16-ին գրանցված մահվան 2 դեպքը պայմանավորված է եղել շահառուների առողջական խնդիրներով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Նվեր Կոստանյանը։

Նա նշել է, որ դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին:

«Ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ շահարկումների՝ տեղեկացնում ենք, որ ապրիլի 16-ին կենտրոնում գրանցված երկու մահվան դեպքերը պայմանավորված են եղել շահառուների առողջական խնդիրներով։

Սահմանված ընթացակարգի համաձայն` դեպքերի մասին տեղեկացվել է իրավապահ մարմիններին։

Գործընկեր լրատվամիջոցներին կոչ եմ անում զերծ մնալ դեպքի վերաբերյալ շահարկումներից, իսկ հարցերի դեպքում դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն»,-գրել է Կոստանյանը:

Ապրիլի 26-ին հայտնի դարձավ այն մասին, որ «Ձորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են 38-ամյա կնոջ և 74-ամյա տղամարդու դիերը։