AM
27 Ապրիլ 2026 - 07:57 AMT

Արշինովա. 2026-ին աջակցել ենք ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 1400 ընտանիքի

2026-ի չորս ամիսների ընթացքում հաջողվել է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 1400 ընտանիքի․ ասել է ՌԴ պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան, հայտնում է Aravot.am-ը:

Թեեւ պաշտոնական Երեւանը հրաժարվել էր «Եվրասիա» ՀԿ-ի կողմից արցախցիներին տրամադրվող մարդասիրական օգնության վերջին խմբաքանակից, Ալյոնա Արշինովան հավաստիացնում է, որ արցախցիներին օգնելու իրենց ջանքերը չեն ավարտվելու:

«Ուզում ենք, որ յուրաքանչյուր ընտանիք իմանա՝ իրենք մենակ չեն։ Օգնությունն անպայման կցուցաբերվի։ Իհարկե, կարևոր էր օգնությունը Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված հարկադիր տեղահանվածներին։ Մենք փաստացի փոխանցել ենք մոտ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր»։

Իսկ 2025 թվականին օգնություն է ստացել մոտ 6 հազար ընտանիք՝ «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագրի շրջանակներում։

Նշվում է, որ զրույցը կայացել է Մոսկվայում՝ «Ռուսաստան» ազգային կենտրոնում, որտեղ անցկացվել է «Եվրասիա՝ ավանդական արժեքների տարածք» թեմայով հասարակական-գործարար համաժողովը՝ նվիրված կազմակերպության հիմնադրման երկու ամյակին։

Միջոցառմանը մասնակցել են աշխարհի 33 երկրներից մոտ 800 պատվիրակներ՝ փորձագետներ, ուսուցիչներ, լրագրողներ, բլոգերներ, բժիշկներ, քաղաքագետներ, մշակույթի գործիչներ, ինչպես նաև որոշ երկրներից կառավարությունների ներկայացուցիչներ։

Մարտի 12-ին «Եվրասիա» հասարակական կազմակերպությունը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը հրաժարվել է ՌԴ-ի կողմից ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված մարդասիրական օգնությունից։ Մինչ այդ, «Եվրասիա» հասարակական կազմակերպության միջոցով՝ «Ռուսաստանի մարդասիրական առաքելություն» ՀԿ–ի հետ համատեղ, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ, մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել ընդհանուր առմամբ 7000 արցախցի՝ 300 ընտանիք։