AM
27 Ապրիլ 2026 - 10:31 AMT

Սոնա Մնացականյանի մահից 4 տարի անց որևէ մեկը չի պատժվել․ 2027-ին վաղեմության ժամկետը կլրանա

29-ամյա Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մահվանից արդեն անցել է 4 տարի, սակայն որևէ մեկը չի պատժվել։ Վտանգ կա, որ վաղեմության ժամկետը կանցնի. քրեական վարույթ նախաձեռնվել է նախկին Քրեական օրենսգրքով, ինչը ենթադրում է, որ գործով վաղեմության ժամկետը 5 տարի է:

2027 թվականի ապրիլի 26-ին կլրանա գործով 5 տարին, ինչը կհանգեցնի քրեական հետապնդման դադարեցման, քրեական պատասխանատվությունից ազատման և գործի կարճման, հայտնում է Factor.am-ը:

2022 թվականի ապրիլի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան անցնելու համար հերթական անգամ փակվել էր Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկը։ 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանը հետիոտնային անցումը փորձել էր հատել հենց այն պահին, երբ արագությունը գերազանցելով՝ սլանում էր Փաշինյանին ուղեկցող շարասյան մեքենաներից մեկը։ Ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի վարած մեքենան մահացու վրաերթի էր ենթարկել Մնացականյանին։ Պատահարից հետո ո՛չ նա, ո՛չ ուղեկցող մյուս մեքենաների, ո՛չ էլ Փաշինյանի մեքենայի վարորդը չէին դադարեցրել ընթացքը։ Նավասարդյանն ավելի ուշ վերադարձել ու մասնակցել էր քննչական գործողություններին։

Գործով միակ մեղադրյալը նա է, սկզբում ձերբակալվել էր, հետո նրա նկատմամբ ընտրվել էր ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։ Պաշտպանական կողմը մինչ օրս չի ընդունում առաջադրված մեղադրանքը։

«Ուղեկցող մեքենան չէր կարող նման արագությամբ ձախ շրջադարձ կատարել։ Խաչմերուկում եղել է երթևեկությունը կարգավորող, ուստի՝ տվյալ դեպքում Սոնա Մնացականյանը խաչմերուկը պիտի հատեր ոչ թե նայելով լուսացույցին, այլ ենթարկվեր երթևեկությունը կարգավորողի հրահանգներին, ուստի՝ Մնացականյանը տեսել ու չի ենթարկվել ոստիկանի հրահանգին։ Սա անզգույշ պատահար է եղել»,- դատարանում նշել էր Արամ Նավասարդյանի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Շուրջ երեք տարի տևած դատաքննությունից հետո անցած տարվա օգոստոսին դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, վճռել է Արամ Նավասարդյանին դատապարտել 1.5 տարվա ազատազրկման և նույն ժամկետով զրկել նրան մեքենա վարելու իրավունքից։ Դատավարության երկու կողմերն էլ բողոքարկել են վճիռը․ մայիսի 18-ին պարզ կդառնա՝ Վերաքննիչ քրեական դատարանը կպահպանի այն, կբեկանի, թե կուղարկի նոր քննության։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին Պարոնյան-Լեո հատվածում անցկացվել է մոմավառություն․ քաղաքացիները բերել են ծաղիկներ և խաղալիքներ՝ տեղադրելով դրանք դեպքի վայրում։