2026 թվականի հունվար-մարտ ամիսներին քաղաքական շրջանակներից ԶԼՄ-ների ու լրագրողների հասցեին հնչեցված առերևույթ վիրավորանքների և սպառնալիքների 8 դեպք է արձանագրվել, որից 7-ըեղել է իշխանության ներկայացուցիչների կողմից, հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
«Այս առումով, իհարկե, բավականին մտահոգիչ փաստ է»,- ասել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը, հայտնում է Panorama.am-ը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի մոնիտորինգի ընթացքում արձանագրվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտումների 30 դեպք։ Դրանցից մեկը վերաբերվել է ֆիզիկական բռնությանը, 22-ը՝ տարբեր տեսակի ճնշումներին, իսկ 7-ը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներին։
Մելիքյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում խախտումների ընդհանուր թիվը բոլոր կատեգորիաներով նվազել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Նշվել է, որ պահպանվել է լրատվամիջոցների և լրագրողների դեմ դատական հայցերի բարձր ակտիվությունը․ հունվար-մարտ ամիսներին ներկայացվել է 14 նոր հայց՝ բոլորն էլ զրպարտության և վիրավորանքի հիմքով։ Դրանցից 6-ը ներկայացվել է պաշտոնյաների կողմից, 2-ը՝ բիզնեսի ներկայացուցիչների, 2-ը՝ լրագրողների, 1-ը՝ ընդդիմադիր գործչի և 3-ը՝ քաղաքացիների (որոնցից երկուսը կապ են ունեցել ընդդիմադիր գործչի հետ)։
Եռամսյակի ընթացքում արձանագրված ֆիզիկական բռնության միակ դեպքը տեղի է ունեցել Ազգային ժողովում, երբ անվտանգության ծառայության աշխատակիցներն ուժ են կիրառել լրագրողին խորհրդարանի շենքից դուրս բերելու համար՝ վիճահարույց հիմնավորմամբ։
Freedom House միջազգային կազմակերպության 2026 թվականի մարտի 19-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանը արդեն երրորդ տարին անընդմեջ դասվել է մասամբ ազատ երկրների շարքին՝ ստանալով 100-ից 54 միավոր։ Համացանցի ազատության տեսանկյունից երկիրը ներառվել է ազատ երկրների շարքում՝ 72 միավորով։
«Այդուհանդերձ, մեդիադաշտը շարունակում է մնալ խիստ բևեռացված, լուրջ մարտահրավերներ են ապատեղեկատվությունը, կեղծ լուրերի, մանիպուլյատիվ հրապարակումների լայն տարածումը, հանրային տիրույթում վիրավորական արտահայտությունների կիրառումը, քաղաքակիրթ բանավեճի սուր դեֆիցիտը։ Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների գործոնն էլ ավելի է թեժացնում իրավիճակը։
Դիտարկվող ժամանակահատվածում արձանագրված կոնֆլիկտները մեծապես պայմանավորված են եղել քաղաքական դրդապատճառներով։ Մի շարք դեպքերում լրագրողներն անտեսել են մասնագիտական էթիկայի նորմերը և տուրք տվել քաղաքական հովանավորների շահերին, իսկ պաշտոնատար անձինք ակնհայտորեն խախտել են հանրային ծառայողի բարեվարքության սկզբունքները»,- նշված է զեկույցում։





