AM
28 Ապրիլ 2026 - 09:37 AMT

ՀՎԿԱԿ. Բյուրեղավանում խմելու ջրի մեջ շեղումներ են հայտնաբերվել

Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում խմելու ջրի հետազոտության նմուշառման արդյունքում շեղումներ են հայտնաբերվել՝ կոլիֆորմ մանրէների առկայությամբ, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Ապրիլի 21-ին Բյուրեղավան համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության դեպքեր։

Կենսաբանական նմուշների լաբորատոր հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբին պատկանող ախտածիններ։

Իրականացվել են համապատասխան հակազդման միջոցառումներ, և պատկան մարմինները տեղեկացվել են իրավիճակի մասին։ Ներկայում այն գտնվում է վերահսկողության տակ, ակտիվ տարածում չի արձանագրվել, իսկ համաճարակաբանական տվյալները վկայել են գործընթացի մարելու միտման մասին։

Բուժօգնության դիմած, ինչպես ամբուլատոր, այնպես էլ ստացիոնար բուժում ստացող բուժառուների վիճակը բավարար է, նոր դեպքեր չեն արձանագրվել:

Ավելի վաղ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայտնել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել։