AM
28 Ապրիլ 2026 - 11:16 AMT

2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն

ՀՀ կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի արտադրման գործընթացը հասել է ավարտական փուլին, և նոր փաստաթղթերը հասանելի են դառնալու 2026-ի աշնանից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Ըստ վարչապետի՝ դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականության խորհրդանիշները։

Նա նաև հայտարարել է, որ կենսաչափական նոր անձնագիրը կարմիր կլինի։

«Մեր դրոշի վրա երեք գույն ունենք, և որոշել ենք, որ մեր կենսաչափական նոր անձնագիրը կարմիր երանգ ունենա, քանի որ այս գույնը միջազգայնորեն ամենից շատ տարածված երանգներից է։ Այս դեպքում նաև անձնագրի փոփոխությունն ավելի տեսանելի կլինի»,-ասել է նա:

Արփինե Սարգսյանը հավելել է, որ ԵՄ անդամ երկրներն էլ հիմնականում այս երանգն են օգտագործում իրենց անձնագրերի դեպքում։

Նա ընդգծել է, որ համակարգի ներդրման նպատակն է ապահովել փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային պահանջներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափորոշիչներին։ Նրա խոսքով՝ նոր փաստաթղթերը բարձրացնելու են վստահելիությունը, հեշտացնելու են սահմանային անցումները և նպաստելու են քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացում։

Նշվել է, որ ծրագրի շրջանակում ստեղծվել են ժամանակակից ենթակառուցվածքներ, և այն իրականացվել է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը ունենալու են բարձր մակարդակի պաշտպանական լուծումներ, ներառյալ ուլտրամանուշակագույն շերտեր։

Փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված. «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝ կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ, «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝ նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»:

Նշվել է, որ անձնագրում ընդգրկվել են նաև հայկական պատմության և մշակույթի կարևոր դրվագներ՝ Հայկ Նահապետից և հնագույն ժայռապատկերներից մինչև Էրեբունու հիմնադրումը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ինչպես նաև ժամանակակից պետական ինստիտուտների շենքերը։ Բացի այդ, ներկայացվել են Հայաստանի մարզերը՝ իրենց բնորոշ խորհրդանիշներով։

Ընդգծվել է նաև, որ նախատեսվել է սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ անցման համակարգեր՝ առանց մարդկային շփման, ինչը զգալիորեն արագացնելու է քաղաքացիների տեղաշարժը։