AM
29 Ապրիլ 2026 - 07:53 AMT

ՇՎՏՄ․ Վտանգավոր խաղալիք կա շուկայում՝ «դինոզավրի» բաղադրության մեջ թունավոր նյութեր կան

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը շուկայում վաճառվող վտանգավոր խաղալիք է հայտնաբերել՝ իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «Դինոզավր» անվանմամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր (թունավոր) նյութեր։

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱԶԳԵՆ ԱՄՅԱՆ ՍԵՐՅՈԺԱՅԻ» Ա/Ձ-ում։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ նշված անվանմամբ խաղալիքի հետկանչման, և ոչնչացման վերաբերյալ։

«Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքից, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։