Ծխախոտի և նիկոտինային արտադրանքների օգտագործումը լուրջ ռիսկեր են պարունակում առողջության համար՝ առաջացնելով կախվածություն, ազդում սրտանոթային, շնչառական և այլ համակարգերի վրա, հայտնում է առողջապահության նախարարությունը:
«Հրաժարվե՛ք վեյփից, ծխախոտից և նիկոտինային այլ արտադրանքից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նիկոտինային կախվածության հնարավոր նշաններ են՝
- ծխելու կամ վեյփ օգտագործելու անհրաժեշտություն արթնանալուց կարճ ժամանակ անց,
- կենտրոնանալու դժվարություն նիկոտինի բացակայության պայմաններում,
- նիկոտինի օգտագործում սթրեսային իրավիճակներում:
Նիկոտինի բացակայության դեպքում կարող են առաջանալ՝
- դյուրագրգռություն, անհանգստություն,
- կենտրոնացման դժվարություն,
- քնի խանգարումներ,
- գլխացավ,
- կրկին ծխելու ուժեղ ցանկություն:
Այս ախտանիշները կարող են լինել ինտենսիվ, սակայն ունեն ժամանակավոր բնույթ և աստիճանաբար նվազում են։
«Երբ փորձում եք հրաժարվել նիկոտինից, կարող են օգնել հետևյալ քայլեր`
- փորձեք մի քանի րոպեով հետաձգել ծխելու ցանկությունը․ հաճախ այն աստիճանաբար թուլանում է,
- կիրառեք շնչառական վարժություններ. կատարեք 8–10 խորը շունչ՝ օրգանիզմը հանգստացնելու և լարվածությունը նվազեցնելու նպատակով,
- զբաղվեք թեթև ֆիզիկական ակտիվությամբ (քայլք, վազք, նույնիսկ կարճ զբոսանք),
- փորձեք շեղել ուշադրությունը՝ ընթերցանությամբ, երաժշտություն լսելով կամ ընկերների հետ զրուցելով,
- օգտագործեք առողջ խորտիկներ (օրինակ՝ միրգ),
- ձեր որոշման մասին խոսեք ընտանիքի անդամների կամ ընկերների հետ․ աջակցությունը կարևոր է։
- հեռացրեք ծխելը հիշեցնող իրերը և խթանիչ գործոնները:
Եթե զգում եք, որ դժվարանում եք ինքնուրույն դադարեցնել ծխախոտի օգտագործումը`
Զանգահարե՛ք ծխելը դադարեցնելու ԹԵԺ ԳԻԾ` 060 44 00 01:
Խորհրդատվությունն անվճար է և գաղտնի։
Նիկոտինից հրաժարվելը կարևոր ներդրում է Ձեր և Ձեր շրջապատի առողջության մեջ»,- ասվում է հաղորդագրությունում։





