AM
29 Ապրիլ 2026 - 10:41 AMT

Ավանեսյան. Կան որոշակի մասնագիտություններ, որոնց զբաղվածության և ծառայությունների ծավալի անկում կա

Կան որոշակի մասնագիտություններ, որոնց զբաղվածության և ծառայությունների ծավալի անկում կա, հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասուլիսում՝ անդրադառնալով այն հարցին, որ բազմաթիվ բժիշկներ բողոքել են, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո իրենց աշխատավարձը նվազել է։

«Այսօր մեր բժշկական հաստատություններում աշխատավարձերի դրական դիմանիկան առկա է և շարունակակական է: Երբ որ անցանք ոչ թե ֆիքսված աշխատավարձի, այլ ըստ իրականացված խորհրդատվության ու դրա դիմաց փոխհատուցման, տեսանք, որ ծավալի և զբաղվածության շատ մեծ խզում կա»,- ասել է Ավանեսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Նա ընդգծել է, որ բոլոր ուղղությունների համար նախատեսվում են անհատական լուծումներ՝ հավելելով, որ հունվարին, երբ համակարգը ներդրվել է, առկա է եղել մատուցված ծառայությունների հաշվետվությունների ներկայացման որոշակի բաց։

«Բժիշկներ ունեինք, որոնք իրականացրել էին խորհրդատվություններ, մուտքագրումներ չէին արել ԱՐՄԵԴ համակարգում, իսկ մեր համակարգն այնպիսին է, որ փոխհատուցումն իրականացվում է ԱՐՄԵԴ-ում լրացված ծառայության դիմաց։ Փետրվարին այս բացը լրացրեցինք։ Աշխատանքի ծավալն ու փոխհատուցումը եկավ այն դաշտ, ինչ մենք նախատեսում էինք»,- ասել է Ավանեսյանը։

Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենքն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն գործարկվելու փուլային տարբերակով: Առաջին փուլում ընդգրկվելու են այն քաղաքացիները, որոնց ամսական աշխատավարձը գերազանցում է 200 հազար դրամը։ Նրանց համար սահմանվել է 129,600 դրամի ապահովագրական փաթեթ, որը ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված և սքրինինգային ծառայություններ, ինչպես նաև հիվանդանոցային բուժում, դեղորայքային ապահովում և շտապ օգնության ծառայություններ։