AM
29 Ապրիլ 2026 - 11:28 AMT

Մելիքբեկյանն ու Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահի հետ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանն ու Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին հանդիպել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ, հայտնում է ՀՖՖ-ն։

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների նախագահները նշել են, որ մեծագույն պատիվ և պատասխանատվություն է 2029-ի Աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը ստանձնելը։

Երկու երկրների ֆուտբոլային կառույցների ղեկավարները իրենց խորին երախտագիտությունն են հայտնել ՖԻՖԱ-ի ֆուտբոլային ընտանիքին՝ Հայաստանի և Վրաստանի նկատմամբ ցուցաբերված բարձր վստահության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են իրենց լիակատար պատրաստակամությունը՝ միավորելու ամբողջ ներուժն ու ջանքերը՝ կազմակերպելու բարձր մակարդակի ֆուտբոլային մրցաշար։ Արմեն Մելիքբեկյանն ու Լևան Կոբիաշվիլին ընդգծել են, որ երկու երկրներն էլ վճռական են տրամադրված 2029 թվականի աշխարհի առաջնությունը դարձնելու իսկական ֆուտբոլային տոն՝ աչքի ընկնող բարձրակարգ կազմակերպմամբ և հյուրընկալության յուրահատուկ մթնոլորտով։

Հայաստանն ու Վրաստանը 2029–ին կհյուրընկալեն ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը: Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։