AM
29 Ապրիլ 2026 - 14:45 AMT

ՀՎԿԱԿ․ Կրկնակի նմուշառումների արդյունքում Բյուրեղավանի ջրում որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել

Կրկնակի նմուշառումների արդյունքում Բյուրեղավանի խմելու ջրում որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել, հայտնել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը՝ անդրադառնալով Բյուրեղավանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդության դեպքերին։

«Կրկնակի նմուշառումերից արված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով՝ ջրի որակը ներկայումս համապատասխանում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերին, որևէ շեղում կամ ախտածին մանրէ չի հայտնաբերվել։

Հորդորում ենք բնակիչներին հետևել պաշտոնական տեղեկատվությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի 28-ին ՀՎԿԱԿ-ը հայտնել էր, որ խմելու ջրի նմուշառումից հետո արձանագրվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէների առկայությամբ։ «Վեոլիա Ջուր»-ը իր հերթին հայտնել է, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերել։

Ապրիլի 21-ին ժամը 19:00-20:00-ից սկսած Բյուրեղավանում գրանցվել են շտապօգնության բազմաթիվ կանչեր՝ նույն ախտանշաններով՝ փսխում, սրտխառնոց, ջերմություն, երբեմն նաև լուծ։ Երեկոյան ժամը 22:00-23:00-ի սահմաններում նույն ախտանշաններով կանչերի թիվը հասել է 30-ի, 11 անձ հոսպիռալացվել է: