Կառավարությունը ներկայացրել է նախաձեռնություն, որով տարիքային հիմքով աշխատանքից ազատման մոտեցումը կվերանայվի՝ հաշվի առնելով աշխատաշուկայի և ժողովրդագրական փոփոխությունները։
«Քաղաքացիական ծառայության մասին» և հարակից օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնք վերաբերել են տարիքային շեմ սահմանող դրույթներին։
ՀՀ մի շարք օրենքներում սահմանվել են սահմանափակումներ, ըստ որոնց՝ 65 տարին լրանալուց հետո անձը ազատվել է աշխատանքից։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանn ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացնելով օրենսդրական փաթեթը նշել է, որ ներկայում արձանագրվել է առողջության և կյանքի տևողության բարելավում, և 65 տարին այն տարիքը չէ, երբ պետք է սահմանափակվել աշխատելու իրավունքը, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ փոփոխությունը մշակելիս հաշվի է առնվել նաև ժողովրդագրական իրավիճակը։ Հայաստանի, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների հասարակությունները ծերացող են, և 65+ տարիքային խումբը գերազանցwum է մինչև 15 տարեկանների թվին։ Արդյունքում ամեն տարի արձանագրվում է աշխատուժի կրճատում, ինչը խնդիրներ է առաջացրել աշխատաշուկայում։
Նրա խոսքով՝ փորձառու մասնագետը, որը շարունակում է արդյունավետ աշխատել, չպետք է ազատվի աշխատանքից միայն տարիքային պատճառով։ Միաժամանակ նշվել է, որ ուժային կառույցներում պաշտոն զբաղեցնող անձանց համար պահպանվել է առավելագույն տարիքային շեմը՝ պայմանավորված ոլորտի առանձնահատկություններով։
Կառավարությունը առաջարկել է նաև լրացուցիչ փոփոխություն, ըստ որի՝ հանրային, համայնքային և քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպությունների գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող կամ ընտրված անձինք կարող են դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։
Օրենքը ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակումից երեք ամիս անց։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը պարզաբանել է, որ տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագիրը լուծելու վերաբերյալ նոր կարգավորումները տարածվելու են նաև այն ծառայողների վրա, որոնք մինչև օրենքի ուժի մեջ մտնելը արդեն լրացրել են առավելագույն տարիքային շեմը և որոնց ծառայությունը երկարաձգվել է մինչև մեկ տարով։ Նա կարևորել է նաև հարցի լայն իրազեկումը։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել առաջին ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին և առաջարկել է այն ներառել ԱԺ առաջիկա նիստերի օրակարգում՝ քննարկելով 24-ժամյա ռեժիմով։





