AM
30 Ապրիլ 2026 - 09:00 AMT

Հայաստանը 16 կետով նահանջել է մամուլի ազատության ինդեքում

Հայաստանը 16 կետով նահանջել է մամուլի ազատության ինդեքում՝ 34-րդ տեղից տեղափոխվելով 50-րդ հորիզոնական։ Այդ են վկայում «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2026թ․ զեկույցի տվյալները:

Նշվում է, որ թեև երկրում պահպանվել է բազմազան մեդիա դաշտ, այն շարունակել է մնալ բևեռացված։

«Երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, ինչը սնուցվում է ներքին քաղաքական լարվածությամբ, սահմանային անվտանգության խնդիրներով և Ռուսաստանի ու Եվրոպական միության միջև Հայաստանի բարդ դիրքով»,- ասվում է զեկույցում, հայտնում է «Ազատությունը:

Կազմակերպության դիտարկմամբ՝ լրագրությունը Հայաստանում հաճախ արժեզրկվում է որպես մասնագիտություն և դառնում ատելության խոսքի թիրախ։ Քաղաքական գործիչները լրագրողներին մեղադրում են «կոռուպցիայի» կամ իրենց ընդդիմախոսների շահերը սպասարկելու մեջ։

«Լրագրողները հաճախ ճնշումների, վիրավորանքների և բռնության են ենթարկվում ինչպես իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների և նրանց աջակիցների կողմից՝ խորհրդարանում, փողոցում և սոցիալական մեդիայում», – ասված է զեկույցում:

Իրավապաշտպանները նշել են, որ լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը հաճախ մնում են անպատիժ։

Նույն զեկույցում հարևան Վրաստանը ևս վատթարացրել է իր դիրքերը՝ 114-րդ տեղից իջնելով 135-րդը։ Ադրբեջանն ու Ռուսաստանը ընդգրկվել են 180 երկրների վերջին տասնյակում՝ դասվելով բռնապետական ռեժիմների շարքին Հյուսիսային Կորեայի, Թուրքմենստանի և Աֆղանստանի հետ։

Ամենաբարձր դիրքերը զբաղեցրել են Դանիան, Նիդերլանդները և Էստոնիան՝ որպես առավել ազատ մամուլ ունեցող երկրներ։