Երևանում 1 տարեկան Ալեքսի մահվանից ավելի քան մեկ ամիս անց կալանքի տակ է միայն կինը, որը մեղադրվում է փոքրիկի նկատմամբ պարբերաբար բռնություն կիրառելու և սպանության մեջ։ Դեպքի առթիվ նախաձեռնված երկու քրեական վարույթները՝ նախաձեռնված սպանության և երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքով`միավորվել են մեկ ընդհանուր վարույթում։
Քննչական կոմիտեիցհայտնեցին, որ այս պահին կալանավորված է միայն կինը, որը մեղադրվում է 1-ամյա երեխայի սպանության մեջ, տեղեկացնում է News.am-ը:
«Ըստ էության, քրեական վարույթով չեն անցնում ո՛չ երեխայի կենսաբանական մայրը, որը անհասկանալի պատճառով փոքրիկին թողել էր նախկին ամուսնու և նրա կողակցի խնամքին, ո՛չ էլ նրա նախկին ամուսինը, որը, ամենայն հավանականությամբ, ներկա է եղել կողակցի՝ երեխայի նկատմամբ պարբերաբար բռնության կիրառմանը», ասվում է հրապարակման մեջ:
Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ գործը դեռևս գտնվում է նախաքննության փուլում։
Ծեծի ենթարկված 1․2 տարեկան երեխան մահացել է մարտի 21-ին։
Երեխայի կենսաբանական մայրը՝ 26-ամյա Մարիամը, ունի չորս երեխա և հղի է։ Նա պատմել էր, որ տղային մի քանի օրով թողել է նախկին ամուսնու մոտ՝ վարձով բնակարան գտնելու նպատակով։ Սակայն դատախազությունից փոխանցվել է, որ երեխան տվյալ անձանց մոտ բնակվել է առնվազն երեք ամիս, և բռնության դեպքերը տեղի են ունեցել հենց նրանց վարձակալած բնակարանում։
Ալեքսի 4-ամյա քույրը, որը գտնվում էր տատիկի խնամքի տակ, եղբոր մահվանից հետո տեղափոխվել Է ՀՕՖ երեխաների պաշտպանության կենտրոն և մինչ այս պահը գտնվում է կենտրոնում։





