AM
1 Մայիս 2026 - 11:00 AMT

ԵՄ-ն 8.55 մլն եվրո է ուղղել Հայաստանի կրթական բարեփոխումներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Եվրոպական միության պատվիրակությունը համատեղ ներկայացրել են «ԵՄ աջակցությունը Հայաստանի կրթությանը» ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում իրականացվող բարեփոխումների ընթացիկ արդյունքները՝ արձանագրելով համակարգային և շոշափելի առաջընթաց հանրակրթության ոլորտում։ ԵՄ-ն 8.55 մլն եվրո է ուղղել Հայաստանի կրթական բարեփոխումներին:

Ծրագրի կարևոր ուղղություններից մեկը դարձել է կրթական ենթակառուցվածքների զարգացումը։ Սյունիքի մարզի Կապան և Գորիս համայնքների ընտրված 13 դպրոցում արդեն իրականացվել են շինարարական և հիմնանորոգման աշխատանքներ՝ ապահովելով 2025 թվականի համար նախատեսված ցուցանիշների ավելի քան կեսի իրականացումը, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Դպրոցների կառավարման համակարգի բարելավման ոլորտում նույնպես գրանցվել է զգալի առաջընթաց։ Պետական հանրակրթական դպրոցների շուրջ 50 տոկոսը անցել են կառավարման նոր համակարգի, իսկ 346 տնօրեն նշանակվել է մասնագիտական հանձնաժողովների առաջարկությամբ՝ ապահովելով գործընթացի թափանցիկությունն ու բարձր մասնագիտական չափանիշները։

Բազմահամակազմ դասարանների արդյունավետ կազմակերպման նպատակով ներդրվել է ֆինանսավորման նոր մեխանիզմ, որի շնորհիվ այս ուղղությամբ նախատեսված թիրախային արդյունքը լիովին ապահովվել է։

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ, STEM) կրթության զարգացման նպատակով Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի 231 դպրոց համալրվել է ժամանակակից լաբորատորիաներով՝ ապահովելով ծրագրի թիրախային ցուցանիշների իրականացումը։

Միաժամանակ, շուրջ 9000 ուսուցիչ վերապատրաստվել է նոր կրթական չափորոշիչներին համապատասխան՝ այս ուղղությամբ ևս ապահովելով նախատեսված նպատակի ամբողջական իրականացումը։

Մասնագիտական կողմնորոշման ծրագրերը ներդրվել են Հայաստանի բոլոր դպրոցներում՝ ընդգրկելով 8-11-րդ դասարանները և նպաստելով աշակերտների մասնագիտական կողմնորոշմանն ու հետագա կրթության գիտակցված ընտրությանը։

Կրթության բովանդակության արդիականացման շրջանակում դպրոցական նախագծերի շուրջ 27 տոկոսը նվիրվել է կանաչ տնտեսության և կլիմայական փոփոխությունների թեմաներին՝ ապահովելով սահմանված ցուցանիշների կատարումը։

ՀՀ դպրոցներում ներդրվել է գնահատման նոր համակարգը՝ ապահովելով նախատեսված արդյունքների լիարժեք իրականացումը։ Վերոնշյալ ցուցանիշների գնահատման հիման վրա ԵՄ-ն կրթության բարեփոխումների համար հատկացրել է 8.55 միլիոն եվրո։

ԿԳՄՍ նախարարությունը վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու կրթական բարեփոխումները՝ ապահովելով որակյալ, ներառական և ժամանակակից կրթություն Հայաստանի բոլոր քաղաքացիների համար։ Նախարարությունը կարևորել է նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության հետ ձևավորված սերտ և արդյունավետ համագործակցությունը, որը էական դեր է ունեցել ԵՄ բյուջետային աջակցության ծրագրի հաջող և նպատակային իրականացման մեջ։