AM
1 Մայիս 2026 - 13:09 AMT

«Վերածնունդ» թաղամասում բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջում են անվտանգ երթևեկություն ապահովել

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան փողոցում գտնվող «Վերածնունդ» թաղամասի մի շարք շենքերի բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ բարձրացնելով ճանապարհային կարգավորման խնդիրները և պահանջելով անվտանգ երթևեկության ապահովում։

Փակված ճանապարհահատվածում երեխաները կավիճով գծել են հետիոտնային անցումներ՝ ուշադրություն հրավիրելով խնդրի վրա, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողների հետ զրույցում բնակիչներից Արմինե Եփրեմյանը նշել է, որ առաջնային հարցը բնակիչների անվտանգությունն է։ Նրա խոսքով՝ փողոցի դիմացի մայթին կա կանգառասրահ, սակայն թաղամասից հետիոտնային անցում չի ապահովվել, և բացակայում են համապատասխան գծանշումները։

«Մի քանի անգամ բնակիչները համատիրության հետ դիմել են Երևանի քաղաքապետարանին, սակայն ստացել են անբովանդակ պատասխաններ, խոստացել էին խնդիրը լուծել մինչև սեպտեմբերի 1-ը, սակայն այդ պատասխանից հետո երկու սեպտեմբերի 1 է անցել»,-ասել է նա։

Մեկ այլ բնակիչ ընդգծել է, որ այլ երկրներում նոր թաղամասերի կառուցման ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում հանրային տրանսպորտի հասանելիությանը, մինչդեռ «Վերածնունդ» թաղամասի մոտ 4000 բնակիչ զրկված է այդ հնարավորությունից։

«Մենք ուզում ենք, որ ապահովվի մեր ազատ տեղաշարժի իրավունքը։ Հանդիպել ենք Տիգրան Ավինյանին, դիմել ենք թաղապետարան, տարբեր պետական մարմիններ ներկայացրել ենք դիմումներ։ Քանի որ ոչ մեկից նորմալ պատասխան չենք ստացել, մեզ էլ հաճելի չէ, բայց իջել ենք ու փակել ճանապարհը։ Իմ երեխաներն ամեն օր Ֆիզմաթ դպրոց են գնում ու վերադառնում վտանգավոր ճանապարհով։ Սա անվտանգության խնդիր է»,-ասել է մեկ այլ բնակիչ։

Մեկ այլ տղամարդ բնակիչ առաջարկել է տվյալ հատվածում կառուցել վերգետնյա անցում, սակայն քաղաքապետարանից, նրա փոխանցմամբ, նշել են, որ դրա համար բյուջե նախատեսված չէ։ Բնակիչների գնահատմամբ՝ փողոցի մյուս կողմ անցնելու համար երբեմն պահանջվում է 20-25 րոպե։

«Ամեն անգամ հասնում ենք ոտքով Լենինգրադյան փողոց, հետո Մարզահամերգային համալիր, որպեսի անցնենք փողոցի մյուս կողմ։ Քաղաքը մեծացել է, բնակիչները շատացել են, պետք է լուծումներ գտնեն»,-ասել է բնակիչը։

Ակցիայի վայր ժամանած ոստիկանության ներկայացուցիչը հույս է հայտնել, որ բարձրացված խնդիրները կհասնեն համապատասխան կառույցներին և առաջարկել է բացել ճանապարհը։ Ի պատասխան՝ բնակիչները հայտարարել են, որ նախատեսում են հաջորդ բողոքի ակցիան անցկացնել հունիսի 1-ին։