Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ՀՀ նոր կենսաչափական անձնագրի նախատպագրության փուլում նախ՝ առանձին էջերը, ապա ամբողջական ձևանմուշը կենթարկվեն համակողմանի որակի ստուգումների։ Այդ մասին հայտնել են ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին, որի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվել է Նիդերլանդների Թագավորության Հարլեմ քաղաքում, որտեղ «IN Groupe» ֆրանսիական ընկերության արտադրամասերից մեկում նախատեսվում է տպագրել ՀՀ քաղաքացիների նոր կենսաչափական անձնագրերը։
Ներկայացվել են անձնագրի շապիկի, էջերի, այդ թվում՝ տվյալների պոլիկարբոնատե էջի և վիզա էջերի համադրությունը, քննարկվել՝ փորձնական նախատպագրությունը, երանգների ընտրությունը, էսքիզների ինտեգրումը՝ բոլոր անվտանգային բաղադրիչների հաշվառմամբ։
Մասնավոր գործընկերոջ բիզնեսի միջազգային զարգացման պատասխանատու Իզաբել Լաուզոնը նախարար Սարգսյանին հավաստիացրել է, որ ընկերությունը մոբիլիզացրել է լավագույն ռեսուրսը և հայկական կողմին գոհացնելու, բարձր որակի փաստաթուղթ ստանալու ուղղությամբ ներդրել՝ առավելագույն ջանք։
Նա ընդգծել է, որ ծրագրի նպատակը նույնականացման և անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում աշխարհում կուտակված առաջատար փորձը Հայաստան բերելն է՝ ապահովելով տվյալների և փաստաթղթերի պաշտպանվածության որակապես նոր մակարդակ՝ հիմնված բոլորովին նոր մոտեցումների վրա։ Արփինե Սարգսյանին ներկայացվել են բազմակողմանի փորձարկված գունային լուծումներ՝ նախատեսված վիզա էջերի համար, որոնք համադրվել են տպագրական հիմնարար սկզբունքների հետ։ Ընտրվել են ամենաներդաշնակ ու բարձր անվտանգային մակարդակ ունեցող տարբերակները։
Ֆրանսիացի և նիդերլանդացի մասնագետները ներկայացրել են յուրաքանչյուր երանգի ընտրության առավելություններն ու ռիսկերը, բացատրել՝ գույների համադրման միջազգային սկզբունքներն ու նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները։
Արտադրական թուղթն անցել է հատուկ մշակում՝ զինանշանի տեսքով ներկառուցված ջրանիշով և բաղադրության մեջ ավելացված մանրաթելերով, որոնց մեջ ավելացվել են նաև եռագույն՝ հատուկ Հայաստանի Հանրապետության համար արտադրված մանրաթելեր։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակության անդամները շրջել են արտադրամասի տարածքում, ծանոթացել ձևանմուշների արտադրության առանձին բաղադրիչներին, նորագույն տեխնոլոգիաներին, որակական տարբերություններին, ստացել՝ մասնագիտական խորհրդատվություն։
Մասնավոր գործընկերոջ փորձագետները Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունում (ICAO) գործունեություն ծավալող մասնագետներ են, որոնք երաշխավորում են անձնագրի համապատասխանությունը միջազգային գործող և զարգացող ստանդարտներին։ Հարլեմում գործընթացը շարունակվում է։
2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:
Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինենմինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը:





