Երևանի համար գնված 45 նոր տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է, հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Նա հայտնել է, որ, ձեռք բերված նոր տրոլեյբուսների շահագործման մտնելուն զուգահեռ, հները դուրս են բերվելու շրջանառությունից, հայտնում է Radar Armenia-ն:
«Կառավարության աջակցությամբ մեր գնած 45 տրոլեյբուսից 22-ն արդեն Երևանում է, մեր տրոլեյբուսային պարկում են, մնացածը շուտով կլինեն Երևանում։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ այս տրոլեյբուսների գիծ մուտք գործելուց հետո այլևս որևէ հին տրոլեյբուս չպետք է ունենանք»,- ասել է նա։
Ավինյանը նաև անդրադարձել է հանրային տրանսպորտում ուղեվարձի հավաքագրման ցուցանիշներին՝ ներկայացնելով վերջին ամիսների աճը։ Մարտին գրանցվել է 10 մլն 327 հազար 73 վավերացում, իսկ ապրիլին՝ 12 մլն 733 հազար 230, ինչի արդյունքում երկու ամսում ցուցանիշն ավելացել է 23.3 տոկոսով կամ 2 մլն 406 հազարով։
«Մենք հավելյալ հավաքագրման արդյունքում մոտավորապես 13-14 ավտոբուսի գումար ենք հավաքագրել»,- ասել է նա՝ հավելելով, որ այդ գործընթացը կարևոր է Երևանում արժանապատիվ տրանսպորտ ունենալու տեսանկյունից:
«Հանրային տրանսպորտն ամենածախսատար ոլորտն է քաղաքի համար. ամենամեծ ներդրումներն ու սուբսիդիաները Երևանի քաղաքապետարանն իրականացնում է հենց հանրային տրանսպորտի ոլորտում։ Նաև շատ կարևոր է, որ վճարումներն իրականացնենք պատշաճ կերպով»,-ասել է նա:
Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել վարորդներին, որոնք ծանր աշխատանքային գրաֆիկը համադրում են վերահսկողական պարտականությունների հետ։





