AM
5 Մայիս 2026 - 11:27 AMT

ՀՀ–ում 65 տարին լրացած պաշտոնյան կշարունակի աշխատել

Հայաստանում պաշտոն զբաղեցնող այն անձինք, որոնք նախկին կարգավորումներով 65 տարեկանը լրանալուց հետո ազատվում էին աշխատանքից, օրենսդրական նոր փոփոխություններով կշարունակեն աշխատել։ Այդ մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Լուսինե Քոչարյանը` ներկայացնելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների փաթեթը։

Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխություններով օրենքից հանվել է պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի՝ 65 տարվա սահմանափակումը, հայտնում է Sputnik Արմենիան:

Փոխնախարարը հիշեցրել է, որ դեռևս 2023 թվականի մայիսին աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով վերացվել է տարիքով պայմանավորված աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը, ինչի արդյունքում այլևս հնարավոր չի եղել աշխատանքային հարաբերությունները դադարեցնել միայն տարիքի պատճառով։

Քոչարյանը նշել է, որ մինչ այժմ տարբեր օրենքներում պահպանվել են դրույթներ, որոնք սահմանել են տարիքային շեմ պետական աշխատողների համար, որի արդյունքում այլևս անհնարին է դարձել տարիքով պայմանավորված աշխատանքային հարաբերությունների դադարեցումը։

«Այս ամենով հանդերձ դեռևս կային տարբեր օրենքներում պետական աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորող հոդվածներ, որոնք պարունակում են տարիքային շեմի սահմանափակում։ Այս նոր նախագծով սահմանում ենք, որ աշխատանքային հարաբերությունները կարող են դադարեցվել միայն անձի մասնագիտական կարողություններով, կատարողականով և արդյունքային գործունեությամբ»,– ընդգծել է Քոչարյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 65 տարին լրացած անձանց հետ այլևս չեն կարող կնքվել ժամկետային կամ քաղիրավական պայմանագրեր, և աշխատանքային հարաբերությունները պետք է ձևակերպվեն անորոշ ժամկետով պայմանագրերով։

Փոխնախարարը հավելել է, որ աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ վերահսկողությունը այս ոլորտում խստացվելու է։

Նրա փոխանցմամբ՝ փոփոխություններն ուժի մեջ են մտնելու Ազգային ժողովի կողմից ընդունվելուց երեք ամիս անց, և նախատեսվում է, որ դրանց շահառուների թիվը կազմելու է մոտ 24,400 մարդ։