AM
6 Մայիս 2026 - 06:59 AMT

ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում Վեդիում անչափահասների դեպքի առնչությամբ տեղեկատվությունը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ մտահոգիչ է համարում Վեդի քաղաքում երեխաներին առնչվող դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը և շեշտում, որ երեխայի նկատմամբ բռնության ցանկացած դրսևորում բացարձակապես անթույլատրելի է և ենթակա է պատշաճ իրավական գնահատականի։

Նա հավելել է, որ դեպքի հանգամանքները պահանջում են ամբողջական և օբյեկտիվ քննություն և այդ առումով նաև պատշաճ հանրային հաղորդակցություն։

«Միաժամանակ, Պաշտպանն ընդգծում է, որ նման զգայուն իրավիճակներում երեխային վերաբերող նույնականացնող տվյալների հրապարակումը, այդ թվում՝ դպրոցի, առողջական վիճակի կամ զարգացման առանձնահատկությունների վերաբերյալ, և այլ ուղղակի կամ անուղղակի նույնականացման հնարավորություն ստեղծող տեղեկությունների տարածումը, չեն բխում երեխայի լավագույն շահից և կարող են վնասել երեխային։

Հատկապես բռնության դեպքերի համատեքստում երեխային վերաբերող հրապարակումները պետք է իրականացվեն այնպես, որ դրանց արդյունքում երեխան չհայտնվի առավել անպաշտպան և խոցելի վիճակում։

Պաշտպանը շեշտում է՝ երեխային առնչվող նյութերի լուսաբանումը պետք է իրականացվի «մի՛ վնասիր» սկզբունքի, պատասխանատու լրագրության կանոնների պահպանմամբ՝ լիարժեք կերպով ապահովելով երեխայի անձնական տվյալների պաշտպանությունը, հատուկ կարևորելով հրապարակումների պատրաստման հարցում զգոնության և նրբանկատության ցուցաբերումը։

Սույն դեպքի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ՄԻՊ մանդատի շրջանակում իրականացվում է ուսումնասիրություն»,-ասվում է հրապարակման մեջ:

Ըստ ՔԿ-ի՝ փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել։ Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց։

«Ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն մոտեցել է Արթուր անունով անծանոթ տղամարդ, համոզել նստել ավտոմեքենան՝ իբր դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին գտնվող շինության մոտ և սեռական հարաբերություն ունեցել իր հետ։ Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ: