Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն՝ համատեղ մշակելու Ակադեմիական քաղաքումՖրանսիական համալսարանի տեղակայման նախագիծը և խթանելու բարեկամ երկրի առաջատար բուհերի ներգրավվածությունը։ Այդ մասին ասվում է «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագրի մշակույթին և կրթությանը նվիրված բաժնում:
Երկրները կզարգացնեն փորձի փոխանակումն ու գործակցությունը Հայաստանի կինոյի հիմնադրամի, Ֆրանսիայի կինոյի և անիմացիոն պատկերի ազգային կենտրոնի և Ֆրանսիական Սինեմատեքի միջև։
Հայաստանն ու Ֆրանսիան ընդգծել են լրատվամիջոցների կարևոր դերը ֆրանկոֆոնիայի զարգացման հարցում, մասնավորապես՝ France24-ի և RFI-ի գործունեության համատեքստում, որոնց առաջխաղացմանը երկու երկրները կաջակցեն։ Ինչ վերաբերում է TV5Monde բազմակողմ լրատվամիջոցին և TV5MondePlus թվային հարթակին, ապա երկրները կարող են նպաստել դրանց առաջխաղացմանն ու հեռարձակմանը Հայաստանում։
Հայաստանն ու Ֆրանսիան կաջակցեն Հայաստանում ֆրանսերենի և Ֆրանսիայում հայերենի ուսուցմանը։ Երկու երկրները կարևորել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն իրենց անդամակցությունը, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի և Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի գործունեությունը։
Կողմերը կաջակցեն Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական միջազգային կրթահամալիրի զարգացմանը՝ այն դիտարկելով որպես կրթական համագործակցության հիմնասյուն։ Նրանք նաև կխթանեն հայալեզու գրականության թարգմանությունն ու հրատարակությունը Ֆրանսիայում և ֆրանսալեզու գրականության տարածումը Հայաստանում։
Հայաստանը և Ֆրանսիան կամրապնդեն համալսարանների, դպրոցների և մասնագիտական կրթության հաստատությունների՝ արհեստագործական կամ շարունակական կրթության ոլորտում համագործակցությունը՝ խթանելով փոխանակման ծրագրերը, վերապատրաստումներն ու վարպետաց դասերը՝ այդ նպատակով կիրառելով նաև Erasmus+ գործիքը։
Երկու երկրները կխորացնեն համալսարանական համագործակցությունը՝ զարգացնելով կրկնակի և համատեղ դիպլոմավորման ծրագրերը, մասնավորապես՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանակում։
Հայաստանն ու Ֆրանսիան կիրականացնեն համատեղ գիտահետազոտական աշխատանքներ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, հետազոտողների շարժունության ծրագրեր, ինչպես նաև կհաստատեն համագործակցություն Ֆրանսիայի ազգային հետազոտական մարմինների և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի միջև։
Հայաստանն ու Ֆրանսիան կնպաստեն մշակութային երկխոսության խորացմանը թե՛ երկկողմ մակարդակում, թե՛ բազմակողմ կառույցներում։ Նրանք կամրապնդեն համագործակցությունը մշակութային ժառանգության պահպանման ոլորտում՝ հատկապես ՅՈւՆԵՍԿՕ-ի և Ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի՝ ԱԼԻՖ-ի շրջանակում։
Երկու երկրները ջանքեր կգործադրեն ՅՈւՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։ Հայաստանը և Ֆրանսիան նաև կամրապնդեն կապերը թանգարանային, ժառանգության և հնագիտական ոլորտներում՝ խթանելով փորձի փոխանցումը պահպանման և վերականգնման ուղղությամբ ուսումնական ծրագրերի միջոցով, մասնավորապես՝ Ժառանգության ազգային ինստիտուտի աջակցությամբ։
Հայաստանն ու Ֆրանսիան կխրախուսեն համագործակցությունը գեղարվեստական ստեղծագործության, մշակութային և ստեղծագործական արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև գաղափարների փոխանակումը։ Նրանք կխթանեն հայկական և ֆրանսիական մշակութային հաստատությունների միջև գործընկերությունը, փոխադարձ մասնակցությունը երկու երկրների մշակութային օրակարգի կարևոր միջոցառումներին, մասնագիտական հանդիպումների և արվեստագետների ռեզիդենտական ծրագրերի իրականացումը։
Կողմերը կխթանեն երիտասարդների միջև շփումները՝ համատեղ ծրագրերի, կամավորական նախաձեռնությունների և դպրոցական գործընկերությունների միջոցով։
Բացի այդ, Հայաստանն ու Ֆրանսիան կամրապնդեն համագործակցությունը սպորտի ոլորտում՝ խոշոր մարզական միջոցառումների կազմակերպման փորձի փոխանակման, մասնավորապես՝ 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի համատեքստում, ինչպես նաև բարձրակարգ մարզիկների վերապատրաստման և ներառականության թեմաներով փորձի փոխանակման միջոցով։





