ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել են 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգն ու ժամանակացույցը։
Դիմորդները կարող են դիմումները մինչև մայիսի 15-ը ներառյալ ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում» այդ նպատակով ստեղծված հարթակի միջոցով։
Դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները կանցկացվեն հունիսի 1-30-ը ներառյալ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում՝ Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի 13/1 հասցեում։
Հիմնական կրթության վկայական ստանալու համար դրսեկները 2026 թվականի 2-րդ քննաշրջանի ընթացքում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Հայաստանի աշխարհագրություն», «Աշխարհագրություն», «Համաշխարհային պատմություն» առարկաների քննությունները կհանձնեն գրավոր ձևաչափով։
Միջնակարգ կրթության ատեստատ ստանալու նպատակով դրսեկները նույն քննաշրջանում գրավոր կհանձնեն «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և հայ գրականություն», «Ռուսաց լեզու», «Համաշխարհային պատմություն», ինչպես նաև օտար լեզուների՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և սովորողի ընտրությամբ այլ լեզուների քննությունները։
Հիմնական կրթության վկայականում և միջնակարգ կրթության ատեստատում ավարտական և պետական ավարտական քննական առարկաները կգնահատվեն 20 բալային համակարգով, իսկ տարեկան գնահատականները կնշանակվեն՝ 20 բալային համակարգից գնահատականները 10 բալային համակարգի վերածելու միջոցով։
Բանավոր քննությունները կգնահատվեն 10 բալային համակարգով և կհամարվեն տարեկան գնահատականներ։
Գնահատման 20 բալային համակարգից 10 բալային համակարգին անցման սանդղակը սահմանվել է հետևյալ կերպ՝ 8-9 միավոր – 4
10-11 միավոր – 5
12-13 միավոր – 6
14-15 միավոր – 7
16-17 միավոր – 8
18-19 միավոր – 9
20 միավոր – 10
Քննական թեստերը կկազմի ԳԹԿ-ն՝ յուրաքանչյուր առարկայի համար առնվազն 4 տարբերակով և 20 բալային գնահատման համակարգով։
Աշխատակարգի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների կրթության իրավունքի ապահովման նպատակով Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնին առաջարկվել է ձևավորել հանձնաժողով և կազմակերպել 2026 թվականի 2-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունները՝ ԳԹԿ-ի կազմած գրավոր թեստերով։





