Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ արձանագրված առերևույթ դեպքի առնչությամբ 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել: Այս մասին հայտնել են ՀՀ դատախազությունից, գրում է Արմենպրեսը:
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը), ինչպես նաև Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
Ավելի վաղ համացանցում տեղեկություններ են տարածվել Վեդիում երկու անչափահաս քույրերի նկատմամբ սեռական բռնության դեպքերի վերաբերյալ։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հրավիրված մամուլի ասուլիսում անդրադարձել է Վեդի համայնքում երկու անչափահաս քույրերի նկատմամբ իրականացված ենթադրյալ սեքսուալ բնույթի բռնությունների դեպքին։
«Երեխաներին փորձել են ուժով, համոզելով նստեցնել մեքենան»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:
Նա կոշտ քննադատության է ենթարկել իրավապահ համակարգի և սոցիալական ծառայությունների գործունեությունը՝ հայտարարելով, որ երեխաների շահերի պաշտպանությունը պատշաճ մակարդակով չի ապահովվել։ Նրա ներկայացմամբ՝ գործի շրջանակում ամիսներ շարունակ անհրաժեշտ քննչական գործողություններ չեն իրականացվել, իսկ մինչ այս պահը կալանավորված անձինք չեն եղել։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ հանրությունը դեպքի մասին տեղեկացել է միայն լրագրողական հրապարակումից հետո, մինչդեռ տուժածի ընտանիքը, սոցիալապես խոցելի լինելով, չի գտնվել համապատասխան պետական կառույցների ուշադրության կենտրոնում։
Էլբակյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը հանգեցրել է նաև ինքնադատաստանի դեպքի․ երեխաների հորեղբայրը հարձակվել է ենթադրյալ կասկածյալներից մեկի վրա և այժմ ինքն է ձերբակալված, մինչդեռ գործով անցնող անձինք երկար ժամանակ ազատության մեջ են մնացել։
Փաստաբանը հայտարարել է, որ Վեդիում սեռական բռնության զոհ դարձած 17-ամյա անչափահասը ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության, և եզրակացությունն արդեն առկա է, հայտնում է Panorama.am-ը:
«Այս եզրակացոթյունն արդեն իսկ հիմք պետք է հանդիսանար իրավապահ մարմինների համար, որ կոնկրետ գործողություններ կատարեին»,- նշել է նա։
Փաստաբանը նաև հայտարարել է, որ իրենց միջնորդությամբ սեռական բռնության ենթարկված դեռահաս քույրերը ևս հետազոտվել են։
«Դրա մասին, զուտ ելնելով երեխաների շահերից, չեմ ուզում խոսել, բայց այն, ինչ հայտնաբերել ենք, սարսափելի է։ Մեր ձեռքի տակ այս պահին սահմռկեցուցիչ փաստեր ունենք»,- ասել է Էլբակյանը։
Ըստ ՔԿ-ի՝ փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը ոստիկանության Վեդիի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ փետրվարի 8-ին Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից (տառապում է մտավոր հետամնացություն ախտորոշմամբ), կատարել է անառակաբարո արարք։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում անչափահաս տուժողը ցուցմունք է տվել, որ Վ.Ե.-ն իրենց տան բարերարն է և նրա հետ սեռական հարաբերություն չի ունեցել։ Անչափահասը հրաժարվել է լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության ենթարկվելուց։
«Ապրիլի 22-ին անչափահաս տուժողի քույրը, որը նույնպես անչափահաս է, հաղորդում է ներկայացրել այն մասին, որ ապրիլի ընթացքում իրեն մոտեցել է Արթուր անունով անծանոթ տղամարդ, համոզել նստել ավտոմեքենան՝ իբր դպրոց տանելու նպատակով, սակայն տարել է քաղաքի եկեղեցու ճանապարհին գտնվող շինության մոտ և սեռական հարաբերություն ունեցել իր հետ։ Անչափահաս տուժողը նախաքննության ընթացքում տվել է իրարամերժ, հակասական ցուցմունքներ»,-ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ:





