Տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 2 ամիս ժամկետով տնային կալանքը։ Այդ մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը:
Նշվել է, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել միանգամից երեք հոդվածով՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման, կասեցված կարգավիճակով մեքենա վարելու և խուլիգանության համար։
Իր մասնակցությամբ տեղի ունեցած վթարն անձամբ նկարահանած Վարդան Մարկոսյանի վարորդական իրավունքը կասեցված է եղել վեց ամսով․ 13 բալը զրոյացվել է բազմաթիվ խախտումների հետևանքով։
Վթարից հետո հրապարակված տեսանյութերում 19-ամյա երիտասարդը նշել է, որ հիպնոսացել է և չի հասկացել, թե ինչ է անում։
«Ուզում եմ իմանաք, որ ինչքան էլ լավ վարորդ լինեք, պետք չի տենց բաներ անեք, որովհետև ամեն ինչ չի ձեր ձեռը, հաստատ մի օր մի բան լինելու ա, ես ուղղակի հիպնոսացա, չհասկացա` ինչ եմ անում»,- պատմել է նա։





