AM
7 Մայիս 2026 - 10:33 AMT

ՄԻՊ․ ՀՀ-ում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը հասցեավորելու շատ մեծ խնդիր կա

ՀՀ-ում երեխաների նկատմամբ սեռական բռնության դեպքերը կանխարգելելու և հասցեավորելու շատ մեծ խնդիր կա, հայտարարել է ՄԻՊ Անահիտ Մանասյանն ԱԺ-ում:

«Այս օրերին էլ անչափահասների նկատմամբ սեռական բռնության դեպքի առնչությամբ բազմաթիվ քննարկումներ են ընթանում, որոնք ևս վկայում են այն մասին, որ, այո, ՀՀ-ում առկա է շատ մեծ խնդիր՝ երեխաների նկատմամբ բռնության, մասնավորապես՝ սեռական բռնության դեպքերը կանխարգելելու և հասցեավորելու հարցերի հետ կապված: Նախ՝ նշեմ, որ խնդիրն այնքան մեծ էր մեր դիտանկյունից, որ նախորդ տարի նույնիսկ արտահերթ զեկույց ենք ունեցել հարցի հետ կապված, որն ավելի լավ էր՝ վերաբերում էր երեխաների նկատմամբ բռնությանն ընդհանուր առմամբ: Այս տեսանկյունից առաջին խնդիրը բռնությունը ճանաչելու հետ կապված խնդիրն է»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը:

Մանասյանը կոչ է արել բոլոր իրավասու մարմինների ներկայացուցիչներին չափազանց զգույշ լինել նման տեղեկատվության հետ աշխատելիս՝ ընդգծելով, որ թեման շատ զգայուն է։

«Դեպքերի մեծամասնությունն իր մեջ շատ լուրջ անձնական տվյալներ է պարունակում, և հետագայում բավական վտանգավոր կարող է լինել դրա հետ կապված ամբողջ փոխանցման պրակտիկան»,- ասել է ՄԻՊ-ը։

Անդրադառնալով զարգացման տարբեր առանձնահատկություններ և հաշմանդամություն ունեցող անչափահասների նկատմամբ բռնության դեպքերին՝ նա նշել է, որ Հայաստանում նման դեպքերը եզակի չեն և առկա են։

Այս դեպքերի համատեքստում ՄԻՊ-ը կրկին կարևորել է երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցը՝ ընդգծելով, որ վտանգների առաջ կարող են կանգնել ոչ միայն երեխաները, այլև նրանց ծնողները, որոնք ևս կարող են թիրախավորվել։

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ արձանագրված առերևույթ դեպքի առնչությամբ 2 անձի ձերբակալելու որոշում է կայացվել: