AM
8 Մայիս 2026 - 06:55 AMT

Վեդիում անչափահասների բռնության գործով պաշտոնյաներ են ազատվել աշխատանքից

Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի կապակցությամբ ՆԳՆ ոստիկանությունում մի շարք պաշտոնյաներ ազատվել են աշխատանքից: Այդ մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարիբեկ Ռուստամյանն ու համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից»,- նշել է նա։

Քննչական կոմիտեից ևս հայտնել են, որ Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանն ազատվել են պաշտոններից։

Մայիսի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով աղմկահարույց դեպքին, հայտարարել է, որ այն բացահայտվել է իրավապահ մարմինների օպերատիվ աշխատանքի արդյունքում։

«Ես գիտեմ կոնկրետ լրագրողների, ովքեր իրավապահ մարմիններում ունեն աղբյուրներ, որոնք աշխատանքային ինֆորմացիա են փոխանցում, դրա հետ կապված նույնիսկ քրեական գործեր կան հարուցված և անպատասխանատու իրավապահներին անպայման կգտնենք և համակարգից կհեռացնենք։ Այսինքն՝ մի մասին հեռացրել ենք արդեն»,- նշել է Փաշինյանը։

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի առնչությամբ երեկ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։