Հայտնաբերվել և ձերբակալվել է մեկ անձ, որը կասկածվում է մայիսի 6-ին «Հայրենիք» կինոթատրոնի հարակից տարածքում Երևանի քաղաքապետարանի Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի առևտրի ծառայության և գովազդի բաժնի մասնագետներին հարվածներ հասցնելու և խուլիգանություն կատարելու մեջ։ Այդ մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Արմենպրեսը:
Ձեռնարկվում են միջոցառումներ խուլիգանության մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Հարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա, նրանցից մեկը ծեծի է ենթարկվել, գլխին հասցված հարվածի հետևանքով վնասվածք է ստացել և տեղափոխվել է հիվանդանոց:
Այս միջադեպին նախորդել է աշխատակիցների այցը վարչական շրջանի այն հատված, որտեղ օրենքի խախտումով տեղադրված է եղել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական պաստառը, որը գերազանցել է թույլատրելի 5 քմ ծավալը: Այն ապամոնտաժելու ընթացքում, հավանաբար ինչ-որ մեկի «ահազանգով» շտապ գործողության հասցե են հասնում քարոզչական պաստառի անխախտելիության «խրոխտ»պաշտպանները և որոշում են հարցը լուծել «հին ու բարի» մեթոդներով. վիրավորում են և ծեծի ենթարկում»։





