Բոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները խախտող խոսույթի տեսակները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ազգային ժողովում 2025 թվականի տարեկան հաղորդման ներկայացման ընթացքում՝ անդրադառնալով խոսքի ազատության ոլորտում առկա մարտահրավերներին։
Պաշտպանն ընդգծել է, որ Հայաստանում խոսքի ազատությունը երբեմն ընկալվում է որպես անսահմանափակ իրավունք, ինչի հետևանքով տարածվում են ատելություն, խտրականություն և բռնություն հրահրող խոսույթներ։ Անահիտ Մանասյանը շեշտել է, որ խոսքի ազատությունն ունի հստակ սահմաններ, իսկ հասարակությունում պատասխանատվության մշակույթի ձևավորման հարցում առանցքային դերակատարում ունեն բոլորը։
Միաժամանակ, Պաշտպանը մտահոգիչ է համարել խոսքի ազատության սահմանների խախտման դեպքերում պատասխանատվության գործիքների, մասնավորապես քրեական պատասխանատվության կիրառման ոչ միասնական պրակտիկան՝ ընդգծելով, որ տարբերակված մոտեցումների կիրառումը հաճախ ստեղծել է հայեցողականության տպավորություն: Անահիտ Մանասյանը կարևոր է համարել քրեական պատասխանատվության կիրառման միասնական պրակտիկայի ձևավորումը և նշված գործիքի կիրառումը բացառապես համարժեք հանրային վտանգավորություն ունեցող դեպքերում:
Պաշտպանը խնդրահարույց է գնահատել նաև այն հանգամանքը, որ վարքագծի կանոնների խախտում համարվող նման խոսույթի տեսակները գրեթե չեն հանգեցրել կարգապահական պատասխանատվության գործիքների կիրառման: Հատկապես նախընտրական ժամանակահատվածի համատեքստում Անահիտ Մանասյանը կոչ է արել բոլոր քաղաքական ուժերին իրենց քաղաքական խոսույթում բացառել խտրական, ատելության խոսքի, բռնություն քարոզող և խոսքի ազատության սահմանները այլ կերպ խախտող խոսույթի տեսակները:
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





