AM
8 Մայիս 2026 - 10:26 AMT

ՀՀ-ում տարեկան գրանցվում է ձվարանի քաղցկեղի մոտ 200 նոր դեպք

Մայիսի 8-ին նշվում է Ձվարանի քաղցկեղի իրազեկման համաշխարհային օրը, 2026 թվականին այն անցկացվում է «Ոչ մի կին չպետք է անտեսվի» (#NoWomanLeftBehind) կարգախոսով։

Հայաստանում տարեկան ախտորոշվում է ձվարանի քաղցկեղի շուրջ 200 նոր դեպք։ Այն համարվում է 3-րդ ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղը և մահացության ցուցանիշով առաջինը կանանց վերարտադրողական համակարգի ուռուցքների շարքում, հայտնում է «Հերացի» վերլուծական կենտրոնը:

Օրվա հիմնական նպատակներն են՝ բարձրացնել իրազեկվածությունը ձվարանի քաղցկեղի ախտանիշների վերաբերյալ, ընդգծել վաղ ախտորոշման դերը ապրելիության ցուցանիշի բարձրացման հարցում, ինչպես նաև միավորել հիվանդությունը հաղթահարածներին, նրանց ընտանիքներին և բժշկական հանրությանը։

Ձվարանի քաղցկեղը կանանց մոտ քաղցկեղի 8-րդ ամենատարածված տեսակն է ամբողջ աշխարհում․ 2022 թվականին գրանցվել է ավելի քան 324 հազար նոր դեպք և 206 հազար մահ՝ ըստ Համաշխարհային քաղցկեղի հետազոտությունների հիմնադրամի տվյալների։ Կանանց կյանքի ընթացքում հիվանդանալու ռիսկը գնահատվել է մոտավորապես 91-ից 1։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը դեպքերի թիվը տարեկան կգերազանցի 500 հազարը, իսկ մահացությունների թիվը՝ 350 հազարը։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Չինաստանում, Հնդկաստանում և ԱՄՆ-ում։

Ձվարանի քաղցկեղը հաճախ անվանում են «լուռ մարդասպան», քանի որ վաղ փուլերում այն կարող է ընթանալ առանց ակնհայտ նշանների։

Ուշադիր և զգոն պետք է լինել հետևյալ ախտանիշների նկատմամբ, եթե դրանք նոր են և պարբերական․

  • Որովայնի փքվածություն և չափսերի մեծացում
  • Կոնքային կամ որովայնային ցավեր
  • Ախորժակի կորուստ կամ արագ հագեցվածության զգացում
  • Միզարձակման հաճախակիացում կամ հրատապություն։

Բջջի տեսակը, որից սկսվում է քաղցկեղը, կանխորոշում է ձվարանների քաղցկեղի տեսակը և օգնում բժշկին որոշելու, թե որ բուժումն է առավել նպատակահարմար տվյալ պացիենտի համար։

  • Ձվարանների քաղցկեղի տեսակները ներառում են․
  • Ձվարանների էպիթելիալ քաղցկեղ․ այս տեսակն ամենատարածվածն է։ Այն ներառում է մի քանի ենթատեսակներ, այդ թվում՝ սերոզ կարցինոմա և մուցինոզ կարցինոմա։
  • Ցողունային (ստրոմալ) ուռուցքներ․ այս հազվադեպ ուռուցքները սովորաբար ախտորոշվում են ավելի վաղ փուլում, քան ձվարանների այլ քաղցկեղները։
  • Սեռական բջիջների ուռուցքներ․ ձվարանների այս հազվադեպ քաղցկեղները հակված են առաջանալու ավելի երիտասարդ տարիքում։

Գործոնները, որոնք կարող են մեծացնել ձվարանների քաղցկեղի ռիսկը․

  • Ավելի մեծ տարիք․ ձվարանների քաղցկեղի վտանգը մեծանում է տարիքի հետ։ Այն առավել հաճախ ախտորոշվում է տարիքով մեծ կանանց մոտ։
  • Ժառանգական գենային փոփոխություններ (մուտացիաներ)․ ձվարանների քաղցկեղի մի փոքր տոկոսը պայմանավորված է գենային փոփոխություններով, որոնք ժառանգվում են ծնողներից։ Այն գեները, որոնք մեծացնում են ձվարանների քաղցկեղի առաջացման ռիսկը, ներառում են BRCA1 և BRCA2։
  • Ձվարանի քաղցկեղի ընտանեկան պատմություն (անամնեզ)․ եթե արյունակից հարազատների մոտ ախտորոշվել է ձվարանի քաղցկեղ, ապա հիվանդության ռիսկն ավելի բարձր է։
  • Ավելորդ քաշ կամ գիրություն ունենալը․ ավելորդ քաշը կամ գիրությունը մեծացնում են ձվարանների քաղցկեղի ռիսկը։
  • Հետդաշտանադադարային հորմոն-փոխարինող թերապիա․ հորմոնային փոխարինող թերապիայի ընդունումը՝ դաշտանադադարի գանգատներն ու ախտանիշները վերահսկելու նպատակով, կարող է մեծացնել ձվարանների քաղցկեղի ռիսկը։
  • Էնդոմետրիոզը նույնպես կարող է մեծացնել ձվարանի քաղցկեղի ռիսկը։

Անհրաժեշտ է պարբերաբար այցելել գինեկոլոգի և հետազոտվել, հատկապես եթե առկա է ժառանգական նախատրամադրվածություն։

Հայաստանում ձվարանի քաղցկեղը 3-րդ ամենատարածված գինեկոլոգիական քաղցկեղը և մահացության ցուցանիշով առաջինն է կանանց վերարտադրողական համակարգի ուռուցքների մեջ։ Ցավոք, դեպքերի մոտ 65%-ը հայտնաբերվում է ուշ՝ III կամ IV փուլերում, ինչը զգալիորեն բարդացնում է բուժումը։ Պացիենտների միջին տարիքը կազմում է 55 տարեկանը։

Ըստ «Չարորակ նորագոյացություններ» վիճակագրական տարեգրքի տվյալների`Հայաստանում կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշումով հաճախակի հանդիպող չարորակ նորագոյացությունների`այս դեպքում ձվարանի քաղցկեղի դեպքերն ըստ տարիքային խմբերի 2024 թվականին ունեցել է հետևյալ տեսքը. գրանցվել է ձվարանի քաղցկեղի 218 նոր դեպք, որից 66 դեպքը կամ 30%-ը արձանագրվել է 45-59 տարիքային խմբում, իսկ դեպքերի գերակշիռ մասը` 127-ը կամ 58%-ը գրանցվել է 60 և բարձր տարիքային խմբում:

2024 թվականի տարեվերջին ձվարանի ՉՆ ախտորոշված ընդհանուր պացիենտների թիվը եղել է 1726: