AM
12 Մայիս 2026 - 06:36 AMT

ԱԺ-ն նախագիծ է ընդունել կենսաչափական նոր համակարգի վերաբերյալ

ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նա նշել է, որ նախագիծը մի քանի նպատակ է հետապնդում․ ՀՀ-ում ներդրվում է կենսաչափական նոր համակարգ, և այս կարգավորումը միտված է պատշաճ իրավական ընթացակարգերի երաշխավորմանը,հայտնում է Radar Armenia-ն:

«Լայն համատեքստում սա ևս մեկ քայլ է Հայաստանի Հանրապետությանը մոտեցնելու ԵՄ հետ վիզաների ազատականացմանը»,-ընդգծել է նախարար Սարգսյանը։

ՆԳ նախարարը նշել է, որ Եվրոպական միությունից ստացվել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջընթացի վերաբերյալ առաջին զեկույցը, որտեղ հատուկ ընդգծվում է «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքի կարևորությունը, և այն պետք է հավակնի համակարգային ձևով կազմակերպել կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը։

Նախագծերի փաթեթով առաջարկվում է 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը դարձնել պարտադիր, 6-ից 16 տարեկան անձանց համար նախատեսվում է կամարտահայտության սկզբունքով նույնականացման քարտ ունենալու հնարավորություն, իսկ մինչև 6 տարեկանների համար ծննդյան վկայականը դիտարկվելու է որպես անձը հաստատող փաստաթուղթ։

«Ներկայումս քարտը տրամադրվում է միայն 16 տարին լրացած անձանց։ Կարծում եմ կառավարության այս ճկուն քաղաքականությունը թույլ կտա մեզ հանրային ծառայությունների և, առհասարակ, անձը հաստատող փաստաթղթերի ոլորտում ունենալու շատ ավելի ինստիտուցիոնալ կառուցվածքային լուծում», -նշել է Արփինե Սարգսյանը։

Նախարարը փաստել է, որ բոլոր ճամփորդական փաստաթղթերը, այս օրենքի տրամաբանությամբ, համապատասխանելու են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ICAO 9303 ստանդարտին։

Արփինե Սարգսյանը նաև ընդգծել է, որ օտարերկրացիների համար նախատեսված բոլոր փաստաթղթերը ևս պետք է պարունակեն կենսաչափական տվյալներ, ինչպես նաև հստակեցրել է, որ թեև օրենսդրությունն այսպիսի հնարավորություն տվել էր, սակայն գործառնական որևէ քայլ այս տեսանկյունից չէր իրականացվել։

Հաջորդ կարևոր փոփոխությունը, նախարարի խոսքով, առաջին անգամ հանրապետության կտրվածքով մեծամասշտաբ լուծում է ստացել պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, և բնականաբար, օրենսդրությունը ևս պետք է նախատեսի պատշաճ ընթացակարգեր՝ դերաբաշխումները ճիշտ իրականացնելու համար։

«Ուզում եմ ևս 1 անգամ շեշտադրել, որ պետությունը պահպանում է որոշումների կայացման իր լիարժեք իրավունքը, մասնավորը որևէ գործողություն, անգործություն կամ որևէ այլ քայլ չի կարող կատարել, որը փաստական հետևանքներ է առաջացնելու մեր քաղաքացիների համար»,-ասել է նախարարը։

Ամփոփելով խոսքը՝ ՆԳ նախարարը փաստել է, որ այս օրենքը և կենսաչափական համակարգը ծառայելու են նաև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող թվայնացման քաղաքականությանը։

«Շատ հաճախ մենք տարբեր լուծումներ ենք դիտարկում, բայց դրանք երբեմն դանդաղում են, կամ հնարավոր չի լինում արագ և լիարժեք կերպով իրականացնել, որովհետև կենսաչափական համակարգ Հայաստանի Հանրապետությունը չունի, և մենք հենվում ենք տարիներ շարունակ որևէ ներդրում չունեցած համակարգի վրա։ Կարծում եմ արդեն 2026 թվականի աշնանը մենք լիովին նոր իրավիճակ կարձանագրենք Հայաստանի Հանրապետությունում և թվայնացման տեմպերը գնալով էլ ավելի կարագանան»,- ԱԺ նիստի ժամանակ ընդգծել է Արփինե Սարգսյանը։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։

2026-ի աշնանից ՀՀ-ում նոր` կարմիր գույնի կենսաչափական անձնագրեր կներդրվեն: Դրանք համապատասխանելու են միջազգային բարձր չափանիշներին և միաժամանակ արտացոլելու են հայկական ինքնությունը: Ըստ այդմ՝ նախ արտացոլված է ՀՀ ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»:

Կապույտ անձնագրերը ուժի մեջ կլինեն մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը: