«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում բողոքի ակցիա է իրականացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շենքի մոտ, որտեղ կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը հանդիպել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին։
Մարուքյանը խոսել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործունեության ընթացքում արձանագրվող իրավախախտումների մասին, իսկ նախարարը կարևորել է կառույցի դերը իրավակարգի պահպանման հարցում, հայտնում է Panorama.am-ը:
«Իմ իրավունքները և իմ երեխայի իրավունքները պաշտպանված են այն երկրում, որտեղ կա իրավակարգ և այդ իրավակարգը պաշտպանված է, հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այդ համակարգն է»,- ասել է նախարարը։
«Տիկին Գալյան, նոր է երեխաների մանկապղծության դեպք բացահայտվել, որը կոծկվում էր, ո՞նց է նախարարը խոսում երեխայի իրավունքներից այն դեպքում, երբ մանկապղծության դեպք էր կոծկվում»,- արձագանքել է Մարուքյանը։
Ի պատասխան՝ Սրբուհի Գալյանը նշել է, որ դեպքը չի կոծկվել, այլ դրա առնչությամբ քննություն է իրականացվել։
Փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է արձանագրվել։ Անառակաբարո գործողություններ կատարելու մեջ կասկածվողներ Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58, մյուսը՝ 65 տարեկան է։ 3 անձ է կալանավորվել։
Գործի շրջանակում ձերբակալվել էր նաև աղջիկների հորեղբայրը, որը ներգրավված է եղել երկու դրվագով։ Դրանցից մեկը վերաբերել է Վեդու բաժնի ոստիկաններից մեկին հարվածելուն, իսկ մյուսը՝ եղբոր աղջիկների նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձանցից մեկին մարմնական վնասվածք հասցնելուն, ըստ տեղեկությունների՝ դանակահարելուն։ Մայիսի 9-ին նա ազատ է արձակվել։





