Spotify սթրիմինգային հարթակի նոր ուսումնասիրությունը, որը հրապարակվել է «Եվրատեսիլ» մրցույթի 70-ամյակին ընդառաջ, ներկայացրել է մրցույթի պատմության ամենաշատ լսված երգերն ու հաջողության հիմնական օրինաչափությունները։ Ըստ զեկույցի՝ մրցույթի բացարձակ առաջատարը նիդերլանդացի Դունկան Լորենսի Arcade երգն է, որն ունի ավելի քան 1․5 միլիարդ լսում։
Պատվավոր երկրորդ հորիզոնականում է հայազգի երգչուհի Ռոզա Լինի Snap հիթը, որը նույնպես գերազանցել է 1 միլիարդ լսումների շեմը՝ չնայած այն հանգամանքին, որ 2022 թվականի մրցույթում նա զբաղեցրել է միայն 20-րդ տեղը, հայտնում է Radar Armenia-ն:
Spotify-ի տվյալները վկայում են, որ «Եվրատեսիլը» շարունակում է մնալ միջազգային ճանաչում ձեռք բերելու կարևոր հարթակ։ Բոլոր ժամանակների ամենաշատ լսված արտիստը դարձել է լեգենդար ABBA խումբը՝ 12․5 միլիարդ սթրիմով։ Նրան հաջորդել են Måneskin-ը՝ 9 միլիարդ, և Սելին Դիոնը՝ 7 միլիարդ լսումներով։
Հետազոտության մեջ ընդգծվել է նաև, որ հաճախ լայն տարածում են ստանում ոչ թե հաղթող, այլ մրցույթում համեստ արդյունք գրանցած երգերը։ Որպես օրինակ ներկայացվել է պորտուգալական Deslocado երգը, որը դարձել է 2025 թվականի ամենաշատ լսված թրեքը՝ եզրափակչում զբաղեցնելով միայն 21-րդ հորիզոնականը։
Փորձագետները վերլուծել են նաև հաղթող երգերի տեխնիկական առանձնահատկությունները և արձանագրել որոշակի օրինաչափություններ։ Նրանց գնահատմամբ՝ հաջողակ երգը պետք է համադրի էմոցիոնալությունն ու էներգետիկան՝ ունենալով մոտ 127 BPM արագություն։
Ուսումնասիրության համաձայն՝ ամենահաջողված տարբերակը համարվել է Ֆա մաժոր տոնայնությամբ և 4/4 չափով ստեղծագործությունը։ Այս չափանիշներին առավել մոտ է ճանաչվել 1987 թվականի հաղթող երգը՝ իռլանդացի Ջոնի Լոգանի Hold Me Now ստեղծագործությունը, որը մասնագետները բնութագրել են որպես «Եվրատեսիլի» պատմության ամենաիդեալական հայտերից մեկը։





