AM
13 Մայիս 2026 - 10:07 AMT

Երևան–Բաթում–Երևան գնացքը կգործի հունիսի 14–ից

Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից, հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը:

«Վրացական երկաթուղի» ընկերության ներկայացուցիչների հետ Երևանում կայացած բանակցությունների ժամանակ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ փոխադարձ ուղևորափոխադրումների ոլորտում։

Կողմերը հաստատել են 2026-ի հունիսի 14-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գնացքի՝ օրումեջ մեկնումով ժամանակացույցը։

Երկաթուղայինները նաև պայմանավորվել են ուղևորների մասին տեղեկատվության օպերատիվ փոխանակման շուրջ՝ սահմանային հսկիչ անցակետերով ուղևորների անցման ժամանակահատվածում գնացքի պարապուրդը սահմանին կրճատելու նպատակով։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել չեխական «Gepard express» ընկերության պատվերով հուլիսի 4-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Բաթում-Երևան զբոսաշրջային երթուղու կազմակերպման շուրջ։

Նախատեսվում է իրականացնել զբոսաշրջիկների խմբի փոխադրում՝ հիմնականում Չեխիայից, ապահովելով նրանց կեցությունը ՀԿԵ-ի վագոններում և ճանապարհին նախատեսված կանգառների միջոցով հնարավորություն տալով ծանոթանալու Հայաստանի և Վրաստանի տեսարժան վայրերին։

Առաջին նման ուղերթը ՀԿԵ-ն հաջողությամբ իրականացրել էր 2025 թվականին։