Վրաստանի Ախալցխա քաղաքի հայկական Սուրբ Նշան եկեղեցում վանդալիզմի դեպք է արձանագրվել։ Այդ մասին հայտնել է հասարակական գործիչ, «Vector news»-ի հիմնադիր Արթուր Միրզոյանը։
Եկեղեցին մտնում է «վիճելի» եկեղեցիների ցանկի մեջ: Եկեղեցուց դուրս են բերվել սրբապատկերներն ու եկեղեցական պարագաները, ինչպես հայկական, այնպես էլ վրացական, և նետել աղբամանի մոտ։
Նշվում է, որ, ամենայն հավանականությամբ, դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ Վրաստանում ընտրում էին Ամենայն Վրաց Կաթողիկոս-Պատրիարքին։Ավելի ուշ տեղի բնակիչներն ու հավատացյալները սրբապատկերները վերադարձրել են եկեղեցի։
«Այժմ մնում է հասկանալ, թե ինչ նպատակ էր հետապնդում այն անձը կամ անձինք, որոնք նման բան իրականացրին Վրաստանի համար այսքան կարևոր օրը, և ովքեր են կանգնած տեղի ունեցածի հետևում»,- գրել է Միրզոյանը։
Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության Ախալցխա քաղաքի հոգևոր հովիվ, Ախալցխայի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ տեր Հակոբ աբեղա Սահակյանը, անդրադառնալով կատարվածին, նշել է, որ դեպքն անսպասելի է, հայտնում է Sputnik Արմենիան:
Նրա խոսքով՝ դիմել են Վրաստանի համապատասխան մարմիններին, որպեսզի կատարվածը քննվի, վերահսկողություն սահմանվի նման դեպքերի կրկնությունը բացառելու, ինչպես նաև հայ և վրացի ժողովուրդների միջև լարվածության հրահրումը կանխելու նպատակով։ Հոգևորականը համոզմունք է հայտնել, որ այդ քայլը երկու ժողովուրդների դեմ է։
Sputnik Գրուզիան հայտնել է, որ ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել կրոնական ծիսակատարությունների ապօրինի խոչընդոտման հոդվածով։
Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Նշան եկեղեցին, թեև չի գործում, շարունակել է մնալ տեղի հայ առաքելական համայնքի հոգևոր կենտրոններից մեկը։ Հավատացյալները՝ հայերն ու վրացիները, միասնական հավատի խորհրդով տարիներ շարունակ այնտեղ են տարել ինչպես հայկական, այնպես էլ վրացական պատկերագրությանը պատկանող սրբապատկերներ։





