AM
14 Մայիս 2026 - 06:25 AMT

Զանգերի անօրինական տերմինացիայով և թվային հափշտակությամբ զբաղվող հանցավոր խումբ է բացահայտվել

Քրեական ոստիկանությունն օպերատիվ տվյալների հիման վրա բացահայտել է տեխնոլոգիական միջոցներով իրականացվող հանցավոր գործունեություն, որի շրջանակում կիրառվել են զանգերի անօրինական տերմինացիա և թվային հափշտակության մեխանիզմներ։

Ըստ օպերատիվ տվյալների՝ մի խումբ անձինք Արագածոտնի մարզի Կարբի գյուղի առանձնատներից մեկում տեղադրել են մասնագիտացված համակարգչային տեխնիկա և հատուկ մշակված ծրագրերի միջոցով իրականացրել խոշորամասշտաբ համակարգչային հափշտակություններ:

Ապրիլի 29-ին դատարանի որոշմամբ Քրեական ոստիկանության և Քննչական կոմիտեի ծառայողները խուզարկություն են իրականացրել հիշյալ առանձնատանը։ Հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության իրականացման համար օգտագործված տեխնիկական միջոցները, այդ թվում՝ համակարգչային սարքավորումները, բջջային հեռախոսները և ենթադրյալ ապօրինի գործունեության մեջ ներգրավված այլ սարքեր։

Խմբավորման գործունեության հիմնական ուղղություններից մեկը եղել է զանգերի անօրինական տերմինացիան։ Այն հեռահաղորդակցության ոլորտում լայն տարածում ունեցող հանցավոր մեխանիզմ է, որը հայտնի է նաև GSM-ֆրոդ կամ SIM-բոքսինգ անվանումներով։

Կիրառվել են բարձր տեխնոլոգիական լուծումներ․ արտասահմանյան մի շարք ընկերություններից ձեռք են բերվել համապատասխան ծառայություններ և VoIP (Voice over IP) հարթակներ, որոնց միջոցով միջազգային հեռախոսային հոսքը համացանցային կապուղիներով փոխանցվել է տեղական հեռահաղորդակցության ցանցեր՝ ձևակերպվելով որպես տեղական զանգեր։ Իրականացվել են տարբեր որակի տրաֆիկների միախառնում և արհեստական րոպեների գեներացում՝ ստվերային եկամուտներ ապահովելու նպատակով։

Խմբավորման հանցավոր սխեման ներառել է նաև հեռահաղորդակցության համակարգերում վնասաբեր ծրագրակազմերի կիրառում։ Օգտագործելով արհեստական բանականության և ծրագրավորման տարբեր լեզուներով մշակված հատուկ հրահանգներ՝ հանցագործները թիրախավորել են անհատական օգտահաշիվները, ինչի շնորհիվ հնարավորություն են ստացել մուտք գործել քաղաքացիների անձնական հաշիվներ և կատարել ֆինանսական միջոցների անմիջական հափշտակություն։

Թվային հետքերը վերացնելու և բացահայտման հավանականությունը նվազեցնելու նպատակով կիրառվել են հատուկ քողարկման մեթոդներ, իսկ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները փոխակերպվել են կրիպտոարժույթի։

Ներկայում իրականացվում են լայնածավալ փորձաքննություններ։ Նախաքննությունը շարունակվում է։