AM
14 Մայիս 2026 - 11:38 AMT

ՄԻՊ. Դասապրոցեսը չպետք է խաթարվի, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված

Դասապրոցեսը չպետք է խաթարվի տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված, ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով մայիսի 13-ին Արագածոտնի մարզում ՔՊ քարոզարշավի ընթացքում դպրոցականների, ուսուցիչների մասնակցությանը, հայտնում է Factor.am-ը:

«Մենք, ըստ էության, երեկ այս հարցի հետ կապված ինքներս ենք մշտադիտարկում իրականացրել: Մի քանի հարցադրումներ ենք ունեցել և դրա հետ կապված երեկ ես հրապարակային հայտարարություն եմ տարածել՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ ճիշտ է` երիտասարդների, երեխաների մասնակցությունը տարբեր հանրային նշանակություն ունեցող գործընթացներին կարևոր է, իրենք, այո, պետք է մասնակցեն որոշում կայացնելու գործընթացներին, բայց եթե խոսքը երեխաների կրթության իրավունքին է վերաբերում, ապա ակնհայտ է, որ այն պետք է լինի առաջնահերթ: Դասապրոցեսը որևէ կերպ չպետք է խաթարվի տարբեր հանգամանքներով, այդ թվում՝ քաղաքական գործընթացներով պայմանավորված»,- ասել է Մանասյանը:

Նա նշել է, որ ՄԻՊ-ի լիազորությունները չեն վերաբերում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման կամ ընտրական գործընթացների վերահսկողությանը, և իրենց հիմնական գործառույթը կրթության իրավունքի երաշխավորումն է։

«Մենք ստացել ենք կամավոր եղանակով հավաքի մասնակցության ահազանգ, որի պատճառով խաթարվել է դասապրոցեսը։ Հետևաբար, այդ պրոցեսն ենք ուսումնասիրում»,- ասել է Մանասյանը։

Հարցին արդյոք կապ հաստատե՞լ են դպրոցի տնօրինության հետ, ՄԻՊ-ը նշել է, որ իրենց գրասենյակն ունի հաղորդակցության տարբեր մեթոդներ, այդ թվում՝ գրավոր պարզաբանումներ պահանջելու ձևաչափ: Ճշտող հարցին արդեն պարզաբանումներ խնդրե՞լ են, պատասխանել է, որ խնդրել են։

«Դրա հետ կապված կզբաղվենք»,- եզրափակել է Անահիտ Մանասյանը։

Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։