Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը, հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Նա 81 տարեկան էր:
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Նիկոլայ Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին։ Հոգեհանգստի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ծատուրյանի հուղարկավորության համար ստեղծվելու է կառավարական հանձնաժողով, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ։
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահվան մասին:Նիկոլայ Ծատուրյանի ստեղծագործական ճանապարհը կյանքի և գործի համադրման լավագույն դրսևորումներից է, տարիներ շարունակ նա բացառիկ նվիրումով ծառայել է հայ թատերարվեստին:
Անգնահատելի է նրա դերն ու վաստակը Հայաստանի մշակութային կյանքում, հայ թատրոնի նոր սերունդ կրթելու և ձևավորելու գործում:
Նա ոչ միայն վարպետ բեմադրիչ էր, այլև նվիրյալ մանկավարժ, որն իր հարուստ փորձն ու գիտելիքն է փոխանցել սերունդներին՝ ձևավորելով թատերարվեստին ու կինոարվեստին բնորոշ յուրահատուկ ճաշակ, իսկ ստեղծած թատերական կտավները՝ «Ծիրանի ծառ», «Ձեր կյանքի ժամերը», «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», իրավամբ, հարստացրել են մեր թատերական մշակույթը:
Միաժամանակ, ցանկանում եմ ընդգծել Նիկոլայ Ծատուրյանի դերը որպես մտավորական, ով հանդես էր գալիս սուր և ճշմարիտ խոսքով՝ մշտապես բարձրաձայնելով ժողովրդին հուզող խնդիրների ու հարցերի մասին:
ՀՀ Կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Նիկոլայ Ծատուրյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև հայ թատերարվեստի բոլոր երկրպագուներին», ասվում է ուղերձում:
Նիկոլայ Ծատուրյանը ծնվել է 1945 թ. հունվարի 8-ին Երևանում։
Նա Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիայում համագործակցել է Հենրիկ Մալյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Վարդան Աճեմյանի հետ՝ լինելով նաև «Մենք են, մեր սարերը», «Սարոյան եղբայրներ» և «Ժայռ» ֆիլմերի երկրորդ ռեժիսորը։ Որպես ստաժոր՝ «Մոսֆիլմ» կինոստուդիայում ևս աշխատել է Յուլի Ռայզմանի ֆիլմում։
Մոտ 20 տարի Երևանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գործունեություն է ծավալել որպես ռեժիսոր՝ բեմադրելով շուրջ 25 ներկայացում, որոնց թվում են Վ.Դավթյանի «Ծիրանի ծառ», Վ.Սարոյանի «Ձեր կյանքի ժամերը», Ալ. Օստրովսկու «Կատաղի փողեր», Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը», Մ. Շատրովի «Կապույտ նժույգները կարմիր մարգագետնի վրա», Ա. Աղասարյանի «Փրկեք մեր հոգիները» և այլ ստեղծագործություններ։
Նիկոլայ Ծատուրյանը երկար տարիներ դասավանդել է Գ. Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։
Շուրջ 12 տարի՝ 1992-2004 թթ., ղեկավարել է Երևանի «Մետրո» թատրոնը՝ բեմադրելով Ա. Աղասարյանի «Ուիլլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ», Ժան Պոլ Սարտրի «Դռնփակ», Մ.Պանյոլի «Տոպազ», Հ.Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ» ներկայացումները։
1973 թվականից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բեմադրություններ է իրականացրել նաև Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։
Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ՝ բեմադրելով 22 ներկայացում։ Նկարահանվել է «Պատահար» և «Ընկեր Փանջունի» ֆիլմերում (ռեժ. Ա. Մանարյան)։
2004 թվականին նշանակվել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, իսկ 2014 թվականից եղել է նույն թատրոնի գեղարվեստական խորհրդատուն։
Նիկոլայ Ծատուրյանը համագործակցել է այնպիսի հայտնի դերասանների հետ, ինչպիսիք են Մետաքսյա Սիմոնյանը, Սոս Սարգսյանը, Ֆրունզ(Մհեր) Մկրտչյանը, Կարեն Ջանիբեկյանը։
Նրա լավագույն բեմադրություններից են Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա», Ֆ. Դյուրենմաթի «Հերակլեսի չիրագործված սխրանքը», Ա. Քալանթարյանի «Բումերանգ», Կ. Խոդիկյանի «Ինչպես կինը փախավ տնից», Հ. Մարգարյանի «Եվ երկինքեն երեք աթոռ ինկավ», Գ. Սունդուկյանի «Փուղի զորութինը», Վ. Կրասնագորովի «Սիրո Casting», Ս.Կոսյանի «Թռիչք», Ու․ Գիբսոնի «Հրաշագործը», Ա. Աղասարյանի «Երեք անունով մի աղջիկ» ստեղծագործությունները։





