Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խստորեն դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով քաղաքացիներից մեկը մարմնական վնասվածքներ է ստացել։ Նա այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին:
«Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ քաղաքական տարբեր հայացքներ ունեցող քաղաքացիների միջև ծագած վեճի ժամանակ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի համակիրներից մեկը փորձել է Տաշիրի պոլիկլինիկայից դուրս հանել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրված քարտեզը օձիքին փակցված քաղաքացուն՝ պնդելով, թե այդ տարածքը Սամվել Կարապետյանինն է։
Սիրելի´ քաղաքացիներ, դուք բոլորդ մեզ հետ միասին դեռևս 2018 թվականին եք մերժել նման բարքերը։ Հայաստանում որևէ քաղաք, գյուղ ու համայնք, որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին, Հայաստանում յուրաքանչյուր նման տարածք մեզանից յուրաքանչյուրինն է․ նաև հենց սրա համար էր դեռևս 8 տարի առաջ մեկնարկած մեր բոլորիս պայքարը։
Հորդորում եմ չտրվել սադրանքներին, պահպանել զսպվածություն ու հունիսի 7-ին ևս մեկ անգամ հաստատակամ մերժել բարքերը, որոնք ժամանակավրեպ են, վաղուց արդեն մերժված։ Տե´ր ենք կանգնելու մեր պետությանը, տեր ենք կանգնելու խաղաղությանը»,-նշել է նա։
Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ստացված հաղորդման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 14-ին Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն.Պ.-ն, նկատելով Ն.Գ.-ի օձիքին ամրացված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրված քարտեզը, վիրավորել է նրան, ապա պահանջել է դուրս գալ պոլիկլինիկայից՝ հայտարարելով, թե տարածքը պատկանում է Ս.Կ.-ին։ Դրանից հետո նա սպառնացել է դանակով հարվածել, այնուհետև քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետևանքով Ն.Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է գետնին և գլխի հատվածում ստացել մարմնական վնասվածք։
Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը)։
Նա ձերբակալվել է։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





